«Դաժան օրեր ենք ապրում: Լարված մթնոլորտը լիցքաթափելու լավագույն ճանապարհը ճշմարտությունը հստակեցնելն է: Ճշմարտությունը որքան էլ դառը լինի, ամեն դեպքում շատ ավելի կմոբիլիզացնի ուժերը և կդրդի ճշմարիտ ծրագրեր ունենալու և մտածելու ելքերի մասին: Իսկ երբ չգիտես՝ ինչ իրավիճակում ես, ելքերի որոնումը դառնում է արհեստական և կեղծ»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը:
Նրա դիտարկմամբ՝ հասարակության և քաղաքական ուժերի խնդիրն է իշխանությունից ստանալ պարտության մասին տեղեկատվություն: «Ողբերգական է այն, որ չգիտես որտեղ ես պարտվել»,- նշեց Դիլբարյանը՝ հավելելով, որ վիթխարի անորոշություն կա:
«Անբռնազբոս տեղեկատվության ազատությունը՝ չհիմնավորված, իրարամերժ տեղեկատվության սպրդումը հավասարազոր է տեղեկատվության բացակայությանը: Եվ այստեղ մեծ պատասխանատվություն ունի պետական ապարատը»,- նշեց «Հանուն հանրապետության» ԺՊԴԿ անդամ Արտաշես Խալաթյան՝ հավելելով, որ այսօր ավելի շատ պետք է խոսել ոչ թե ռազմական պարտության մասին, այլ թե ինչպես է պետական ապարատն արձագանքում այս խնդրին: «Պետական ապարատը այս շոկից դուրս գալու իմունիտետ պետք է ունենա և կարողանա հակազդել պարտությունից ծնված ռիսկերին»,- նշեց Խալաթյանը:
«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Արտակ Կիրակոսյանի դիտարկմամբ՝ լարված մթնոլորտի լիցքաթափում կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա հենց վաղը: «Հստակ պետք է ձևակերպվի, թե նոր վարչապետն ինչ խնդիր պետք է լուծի»: Կիրակոսյանի կարծիքով՝ Փաշինյանը որևէ մեկի հետ բանակցելու ռեսուրս չունի:
««Ժառանգություն»-ն առաջարկել է արտահերթ ընտրությունների գնալ. դա միակ ելքն է պետական ճգնաժամից դուրս գալու համար»,- նշեց Նարինե Դիլբարյանը: Նրա դիտարկմամբ՝ պետականության սարսափելի ճգնաժամ է հասունանում. մեր քաղաքացիները գնալով իրենց անպաշտպան են զգում, և կասկած է առաջանում պետականության նկատմամբ:
Մանրամասն՝ տեսանյութում: