
Իտալիայի առաջնության 9-րդ տուրում վաղը «Ռոման» կհյուրընկալվի «Նապոլիին»։ Այս պահին Հռոմի թիմը 17 միավորով 3-րդն է, իսկ «Նապոլին» 14 միավորով 6-րդը։ Նախօրեին «Ռոման» հերթական վստահ հաղթանակը տարավ այս անգամ Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի շրջանակներում՝ մրցակցի հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասնելով ռումինական «Կլուժի» նկատմամբ։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցավեճում տեղ չէր գտել «Ռոմայի» մեկնարկային կազմում։ Մեր կիսապաշտպանը խաղադաշտ մտավ միայն 64-րդ րոպեին՝ փոխարինելով Սիպնացոլային։ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի այս որոշումը միանգամայն սպասելի էր։ Վերջին երկու հանդիպումներում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում 5 գնդակ էր խփել՝ դառնալով թիմի ընդգծված առաջատարը։
Մեր ֆուտբոլիստը Ա սերիայի ընթացիկ առաջնությունում ներգրավված է եղել հռոմեական թիմի 9 գոլերում։ Մխիթարյանը, բացի 5 խփած գնդակներից, նաև 4 գոլային փոխանցում է կատարել իր խաղընկերներին։ Մեկնարկային 8 խաղերում 5 գոլ խփելը Մխիթարյանի համար լավագույն ցուցանիշն է եվրոպական թոփ-5 լիգաներում մրցաշրջանի այս հատվածում։ Նախկինում Մխիթարյանը 8 տուրերից հետո 3-ական գոլ էր խփել «Բորուսիա» Դորտմունդում 2013/14 և 2015/16 մրցաշրջաններում։ Եվրոպա լիգայի խաղարկությունում «Ռոման» աչքի է ընկնում վստահ ելույթով և գլխավորում է ենթախումբը։ «Կլուժի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ «Ռոման» ժամանակից շուտ նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։ «Մեզ համար ամեն ինչ ավարտված չէ։ Մենք ցանկանում ենք առաջինը լինել խմբում։ Կարևոր էր գալ այստեղ, հաղթել ու առաջին նպատակին հասնել, որն էր հաջորդ փուլ դուրս գալը։ Ես գոհ եմ բոլոր ֆուտբոլիստներից։ Խոսել էի Սպինացոլայի, Կալաֆիորիի և Վերետուի հետ՝ ասելով, որ նրանք այլ դիրքերում են խաղալու։ Բայց նրանցից բոլորը լավ խաղացին»,- խաղից հետո ասել է Ֆոնսեկան։
Հաշվի առնելով «Նապոլիի» հետ հանդիպման կարևորությունը՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչը Մխիթարյանին մի փոքր հանգստանալու հնարավորություն էր տվել։ Այն, որ վաղը Մխիթարյանը կլինի իր թիմի հիմնական կազմում, կարծում ենք, կասկածից վեր է։ Ի դեպ «Ռոմայի» և «Նապոլիի» միջև վերջին հանդիպումը կայացել էր այս տարվա հուլիսին Ա սերիայի նախորդ մրցաշրջանի 30-րդ տուրի շրջանակներում։ Նեապոլում տեղի ունեցած մրցավեճն ավարտվել էր դաշտի տերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձել էր «Ռոմայի» միակ գոլի հեղինակը։ Վաղը կայանալիք հանդիպումը, բացի մրցաշարային առումով կարևոր լինելուց, «Ռոմայի» համար նաև սկզբունքային է։ Ֆոնսեկան կփորձի ռևանշի հասնել վերջին խաղում կրած պարտության դիմաց, իսկ Մխիթարյանը կլինի Հռոմի թիմի գլխավոր ֆիգուրներից մեկը։ Երկու արդյունավետ հանդիպումից հետո Մխիթարյանը հայտնվել է նաև Ա սերիայի լավագույն ռմբարկուների շարքում։
Այս հաշվարկում առաջատարը «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն է, որին հաջողվել է խփել 10 գնդակ։ «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն 8 գոլով երկրորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը խփել է 7 գնդակ։ «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին 6 գնդակով 4-րդ հորիզոնականում է գտնվում։ Հենրիխ Մխիթարյանը ևս 4 ֆուտբոլիստների հետ 5 գոլով կիսում է 5-րդ հորիզոնականը։