Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը 305 կողմ, 1 դեմ և 30 ձեռնպահ ձայներով: Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:
«Սա Սենատի կողմից ընդունված բանաձև է, և չի նշանակում, որ Ֆրանսիան ճանաչեց Արցախի անկախությունը, բայց դա Ֆրանսիային ուժ է հաղորդում, սրանով Ֆրանսիան Ռուսաստանին հասկացրեց, որ ինչ ուզում եք, չեք կարող անել։
Ի վերջո, համոզված չեմ, որ նախագահը և Ֆրանսիան ճանաչեն Արցախը, բայց սա նաև ակնարկ է Մինսկի խմբին, որ Ֆրանսիայի կարծիքը նկատի ունենան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Կարո Խաչիկյանը։
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ բանաձևի ընդունման արձագանքին, որ այսպիսով Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ, Խաչիկյանը նշեց, որ հնարավոր է ճանաչումից հետո այլ երկրներ նույնպես ճանաչեն Արցախի անկախությունը, բայց դժվար է այս պահին ասել, որ Ֆրանսիան կճանաչի Արցախի անկախությունը։
Այնուամենայնիվ, ըստ նրա, 305 ձայնը մեծ հաղթանակ է քաղաքական գետնի վրա, Ֆրանսիան այս քայլով ապացուցում է, որ Հայաստանի կողքին է և չի թողնի մենակ։
Նրա խոսքերով՝ իրականում Ֆրանսիայի նպատակն է Մինսկի խմբի վերականգնումը։ «Շատ մեծ հույս չունենք, որ նախագահը և Ֆրանսիան կընդունեն Արցախի ճանաչումը։ Հայկական լոբբին էլ պետք է շարունակենք աշխատեցնել»,- հավելեց Խաչիկյանը։
Նրա խոսքերով՝ այս գործընթացին զուգահեռ կարևոր են նաև հայաստանյան զարգացումները։ Այս ընթացքում, Խաչիկյանի դիտարկմամբ, բազմաթիվ սխալներ են եղել. «Անշուշտ, պատասխանատվությունն ամբողջովին վարչապետի վրա չէ, բայց իսկապես պատասխանատվության մեծ չափաբաժին ունի նա, և դրա համար մի մասը պահանջում է նրա հրաժարականը, նախկին նախագահները նույնպես 100 տոկոսով պատասխանատու են։ Կարծում եմ՝ այսուհետ անպայման Սփյուռքն իր դերը պետք է խաղա և նաև իր վրա վերցնի պատասխանատվություն։ Սփյուռքն ասում է, որ հին իշխանություններին չի ուզում, վերջացան այլևս քոչարյանները, օլիգարխները, սարգսյանները, բայց ովքե՞ր պետք է լինեն նոր դեմքերը, սա շատ մեծ հարց է, և պետք է սկսել աշխատել, պետությունը պետք է իսկապես պատրաստել հիմքից»։