2020 թվականի նոյեմբերի 25-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տեսաուղերձով մասնակցել է Եվրասիական տնտեսական միության դատարանի երրորդ միջազգային խորհրդաժողովին, որը կրում  էր «ԵԱՏՄ ինտեգրման նոր մարտահրավերներ․ իրավական փոփոխություն» խորագիրը։

Խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում ՍԴ նախագահը կարևորել է ազգային դատական համակարգերի և վերպետական դատարանների դերը 2020 թվականի համընդհանուր մարտահրավերների պայմաններում իրավունքի գերակայության, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների ու հիմնարար ազատությունների անխափան պաշտպանությունն ապահովելու հարցում։

Բացի դրանից, ՍԴ նախագահն ընդգծել է ԵԱՏՄ տարածաշրջանում նորմատիվ-իրավական բազայի բարելավման կարևորությունը, որն ապահովում է անդամ պետությունների տնտեսությունների զարգացմանը նպաստող՝ քաղաքացիների իրավունքների և պարտականությունների արդյունավետ իրացումը:

«Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններ» փաստաթուղթը, որում արտացոլված գործընթացները կաջակցեն նաև ԵԱՏՄ հաստատությունների, այդ թվում՝ Միության դատարանի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև՝ Միության գրավչության, մրցունակության իրավական մեխանիզմների կատարելագործմանը, ձեռներեցների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և գիտական ու արտադրական ներուժի ավելացմանը»,- մասնավորապես նշել է ՍԴ նախագահը։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ խորհրդաժողովն այս տարի անցկացվում էր առցանց ձևաչափով։