Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին հարց եմ տալիս, թե որտեղ է երևում, որ Գագիկ Ծառուկյանը բիզնեսով է զբաղվել, գնումնե՞ր է արել, հաստիքացուցա՞կ է հաստատել, ապրանքների իրացման պայմանագրե՞ր է կնքել, բայց ոչ մի հարցի պատասխան չտվեց։ ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Վերցրել են կամայական մի դրվագ, որ իբր թե մասնակցել է բաժնետերերի որևէ ժողովի, որը եղել է արդեն Սեդրակ Առուստամյանի կալանավորման ընթացքում՝ անհնարինության պատճառով։ Մարդու գույքը դրված է կառավարման, կառավարիչը չկա, կալանավորված է, ինքը մասնակցել է և բացահայտված չէ՝ ինքը որպես ի՞նչ է մասնակցել։ Որևէ մեկը վկայություն է տվե՞լ, թե որպես ինչ է մասնակցել։ Տարրական գիտելիքների բացակայության պարագայում, երբ ասում ենք՝ որն է ձեռնարկատիրական գործունեությունը և դրա պատասխանը չկա, սա աբսուրդի թատրոնից է»,-նշեց Միքայել Մելքումյանը։