Արցախյան պատերազմում անհետ կորածների որոնման արդյունքում հաջողվել է գտնել մի քանի ողջ մնացած զինվորների։ Տեղեկությունը Արցախյան պատերազմում անհետ կորած զինվորների ծնողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ անհետ կորածների և գերեվարվածների հանձնաժողովի նախագահ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը։
«Մեզ հաջողվել է գտնել մի քանի ողջ մնացած տղաների։ Նրանց ծնողներին տեղեկացրել ենք այդ մասին», – ասաց Ոսկանյանը:
Նշենք, որ ՊՆ-ի մոտ վաղ առավոտից հավաքվել են անհետ կորած զինծառայողների ծնողները։ Նրանք պահանջում են, որպեսզի պատասխանատու անձինք ընդունեն իրենց և հայտնեն` ո՞ւր են իրենց երեխաները։ Մասնավորապես ծնողները պահանջում են հանդիպում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։