
Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ բոլոր 17 մեծամասնական ընտրատարածքներում, որտեղ երկրորդ փուլ է կայացել, հաղթել են իշխող կուսակցության թեկնածուները։
Տեղական աղբյուրների գնահատմամբ՝ «Վրացական երազանքի» նման հաջողության գլխավոր պատճառը ընդդիմության կողմից ընտրությունների երկրորդ փուլի բոյկոտն էր։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ երեկ կայացած ընտրություններում քվեարկողների մասնակցության ցուցանիշը ընդամենը 26 տոկոս է կազմել։
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ ընտրությունների արձանագրված արդյունքները սպասելի էին: «Առաջին փուլով իշխանությունը համամասնականով ստացավ 48 տոկոս, այսինքն՝ 60 մանդատ։ Մեծամասնական 30 շրջաններից 13-ում առաջին փուլով հաղթել էին, մնացել էին 17 շրջաններում ընտրությունները, որ տեղի ունեցան նոյեմբերի 21-ին։ Քանի որ «Միացյալ ազգային շարժումի» կողմից բոյկոտ եղավ, որի թեկնածուներն էին հիմնականում անցել երկրորդ փուլ, մասնակցությունը շատ քիչ եղավ՝ 26 տոկոս։ Բայց դե ֆակտո սա ոչ մի խնդիր չէր ստեղծում, և իշխանությունները այդ մանդատներն էլ ապահովեցին ու կունենան 90 մանդատ։ Իրենց առնվազն պետք էր 76, որպեսզի ձևավորեն խորհրդարանական մեծամասնություն և կառավարություն ձևավորեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցն անդրադարձավ հայ-վրացական հարաբերություններին՝ շեշտելով, որ արձանագրված արդյունքներով մեր արտաքին քաղաքականությունն էլ չի փոխվում. «Բայց այստեղ կան այլ հարցեր։ Տարածաշրջանում իրավիճակ է փոխվել, բալանսը, և Ռուսաստանն իր դիրքերը ամրապնդում է։ Վրաստանը վատ հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ՝ դա որպես վտանգ ու սպառնալիք է ընկալում։ Ուստի իրենք այս պարագայում փորձելու են իրենց արևմտամետ քաղաքականությունն ավելի ակտիվացնել, ու այդ շրջանակներում որպես այդ քաղաքականություն արդյունք իրենց մոտ ստացվեց ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի այցի մեջ ներառել նաև Վրաստանը։
Պետք է ֆիքսենք, որ նա գնացող իշխանության պետքարտուղարն է,Վրաստանի թե՛ ընդդիմության և թե՛ փորձագիտական հանրության սպասելիքները չիրականացան։ Կարևորվեց Վրաստանի դերը տարածաշրջանային անվտանգության իմաստով, բայց որևէ լուրջ հարց առաջ չգնաց, ու այս պարագայում Վրաստանում արդեն այսօր խոսք է գնում այն մասին, որ նույնիսկ եթե ՆԱՏՕ-ի շրջանակներում որևէ առաջընթացի չհասնեն, գուցե ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների հաշվին իրենք կարողանան ինչ-որ ձևով ԱՄՆ-ից ստանալ ռազմական աջակցություն, որ արտաքին սպառնալիքները մինիմալիզացնեն»։
Մեր պարագայում, Ջոնի Մելիքյանի խոսքով, կարևոր է, որ ավարտվի մեր ներքաղաքական ճգնաժամը. «Չեմ ասում, թե ինչ արդյունքներ են և այլն, չխորանանք մեր ներքաղաքական խառնաշփոթի մեջ, բայց շատ կարևոր է, որ այս ճգնաժամի ավարտից հետո հայկական կառավարությունը ակտիվ շարունակի Վրաստանի հետ կոնտակտներ պահել։ Այդ ֆոնի վրա միգուցե փոխվի Վրաստանի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Հակառուսական այդ քաղաքականությունը միգուցե մեղմվի, և իրենք արդեն, հասկանալով, որ Ռուսաստանը ամրապնդել է իր դիրքերը տարածաշրջանում, ավելի զգուշորեն մոտենան արտաքին վեկտորին, ռուսների հետ իրենց կոնտակտներին։ Գուցե այս պարագայում հնարավորություն լինի, որ իրենց հետ ինչ-որ հարցերի շուրջ ավելի ակտիվ համագործակցություն լինի։ Տեսնելով տարածաշրջանում փոփոխվող բալանսը՝ Վրաստանը ևս հասկանում է, որ Թուրքիայի գործոնը, որը ևս ամրապնդվում է մեր տարածաշրջանում, այնքան էլ բարենպաստ չի Վրաստանի համար, ուստի բացվում են համագործակցության նոր ճակատներ։ Այստեղ շատ կարևոր է հայկական ակտիվ դիվանագիտության աշխատանքը»։
Խոսելով Ալիևի այն հայտարարության մասին, թե հայերը «վարձկաններ» են բերել Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից և նաև Վրաստանից, Ջոնի Մելիքյանն ասաց. «Ինֆորմացիոն պատերազմի շրջանակներում, ունենալով իրենց կողմից վարձկանների կիրառման փաստեր, այժմ նման հայտարարություններ են արվում։ Մեր հայրենակիցները տարբեր երկրներից կամավորական հիմունքներով են եկել Հայաստան, ու հիմա մեզ մեղադրում են, թե մենք վարձկաններ ենք օգտագործել։ Բայց որևէ վարձկան մեզ համար չի կռվել։ Եղել են Ռուսաստանի հայեր, Եվրոպայի, ԱՄՆ-ի հայեր՝ ոչ շատ, նույնն էլ գուցե Վրաստանից եկած լինեին։ Կա տեղեկատվություն, որ Աբխազիայից ևս հայեր էին եկել, բայց նրանց վարձկան կոչելը ի սկզբանե սխալ է, բայց այս ամենը ինֆորմացիոն պատերազմի էլեմենտներից է։ Իրենք փորձում են հավասարության նշան դնել մեր հայրենակիցների ու սիրիացիների կամ նրանց միջև, ովքեր ԻՊ-ի շարքերում պրոթուրքական ուժերի համար են կռվել։ Սա ևս մեկ հակահայկական քաղաքականության օրինակ է ու ցույց է տալիս, որ նույնիսկ նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնագրից հետո իրենք պատրաստ չեն կառուցողական հարաբերություններ ունենալ մեզ հետ»։