
Առաջիկա տարում Միացյալ Նահանգները կարող է նավթի վերամշակման համաշխարհային շուկայում առաջատարի դիրքը զիջել Չինաստանին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Էներգետիկայի միջազգային գործակալության կանխատեսմանը:
Նշվում է, որ ԱՄՆ-ում փակվում են նավթավերամշակման գործարանները, այդ թվում՝ Լուիզիանայում գտնվող Royal Dutch Shell Plc-ը: Չինաստանն, իր հերթին, օրական 1.2 միլիոն բարել ընդհանուր հզորությամբ առնվազն չորս նոր ձեռնարկություն է կառուցում: Ներկայումս միայն Մեծ Բրիտանիայում են նման տեմպով նավթ վերամշակում:
Հայտնի է, որ վառելիքի համաշխարհային պահանջարկն ընկել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, ինչը հանգեցրել է նավթի արդյունահանման և վերամշակման կրճատման ռեկորդային 1.7 միլիոն բարելով: Սրա ավելի քան 50%-ը բաժին է ընկնում ամերիկյան գործարաններին:
Միևնույն ժամանակ, Չինաստանում աճում է նավթի պահանջարկը, մինչդեռ ԱՄՆ-ում և Եվրոպայում խորը տնտեսական ճգնաժամի պատճառով այն ընկնում է: Բացի այդ, նավթն այլևս այդքան արդիական չէ՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրներին անցնելու պատճառով:
Գործակալության տվյալներով, ՉԺՀ-ում նավթի վերամշակման ընդլայնմանը զուգահեռ Հնդկաստանում և Մերձավոր Արևելքում գործարաններ կառուցելն ազդում է համաշխարհային էներգետիկ համակարգի վրա: Չինական գործարաններն այժմ ուժեղանում են վառելիքի միջազգային շուկաներում, և դա խոչընդոտ է դառնում ԱՄՆ-ի և ասիական այլ երկրների համար:
Wood Machenzie հետազոտական ընկերության փորձագետները կարծում են, որ նավթի վերամշակման համար կարողությունների կեսից ավելին կարտադրվի անմիջապես Ասիայում, ընդ որում դրանք կկենտրոնանան պլաստիկի վրա:
Ենթադրվում է, որ առաջիկա մեկ-երկու տարում Չինաստանը կգերազանցի ԱՄՆ-ին:
Այնուամենայնիվ, չնայած Չինաստանում, Հնդկաստանում և Մերձավոր Արևելքում հզորությունների ավելացմանը, ոլորտին՝ COVID-19-ի համավարակի պատճառած վնասից վերականգնվելու համար, կարող է տարիներ պահանջվել: