Ընդամենը մեկ ամիս առաջ դժվար էր հավատալ, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կարող է ընտրական ենթախմբում հաղթող դառնալ։ Հոկտեմբերին՝ Վրաստանի և Էստոնիայի դեմ մրցավեճերում մերոնք ցույց տվեցին դժգույն և թույլ ֆուտբոլ։ Ցույց տվեցին այն ֆուտբոլը, որ սովորաբար ցուցադրում էին։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մեծ դժվարությամբ էին դուրս գալիս սեփական կիսադաշտից, իսկ փոխանցումների զգալի մասն ուղղակի չէր ստացվում։ Արդեն այսօր մենք հպարտանում ենք մեր հավաքականով, որը պատմական արդյունք գրանցելով՝ հաղթող դարձավ Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի ենթախմբում, իրավունք ստանալով խաղալու B դիվիզիոնում։
Ի՞նչ տեղի ունեցավ մեկ ամսվա ընթացքում։ Պատասխանը պարզ է։ Բարձրակարգ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հավաքականը դրեց ռելսերի վրա և առաջխաղացումն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ վերջին հանդիպումներում մեր հավաքականը խաղաց տակտիկապես գրագետ և որակյալ ֆուտբոլ։ Ընդորում վերջին հաղթանակները մերոնք տոնեցին առանց առաջատար մի քանի ֆուտբոլիտսների։ Վրաստանի դեմ հանդիպումը բաց թողցին Հենրիխ Մխիթարյանը, Խորեն Բայրամյանը, Էդգար Բաբայանը։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ մրցավաճին այս ցուցակին միացան վրացիների դեմ խաղի հերոսներից Սարգիս Ադամյանը, Գևորգ Ղազարյանը ինչպես նաև Անդրե Կալիզիրը։ Այո կադրային խնդիրներ ուներ նաև Հյուսիսային Մակեդոնիան, բայց․․․։ Նույնիսկ ոչ մարտական կազմով մեր հավաքականում աշխատեց մեխանիզմը։ Այն մեխանիզմը, որը ներդրել է Կապառոսը։ Մեր հավաքականի գլխավոր մարզիչը վերջնականապես կոտրեց այն կարծրատիպը, որը ներկայիս կադրերով հնարավոր չէ խաղալ և արդյունքի հասնել։ Կապառոսը ապացուցեց, որ բարձրակարգ և բանիմաց մասնագետը կարող է եղանակ փոխել և առաջ տանել թիմին։ «Շատ ուրախ եմ և շատ գոհ եմ մեր թիմի խաղից։ Սա այն աշխատանքի արդյունքն է, որը մենք կատարում էինք վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Այս հաղթանակի բոլոր մասնակիցները սիրում են իրենց երկիրը։ Գիտեք, թե ինչ բարդ իրավիճակների միջով ենք անցել, և ֆուտբոլիստները հոգեբանորեն պատրաստ էին այս խաղին։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, որովհետև քայլ առ քայլ հայկական ֆուտբոլը զարգանում է»,- հաղթնակից հետո ասել է` Կապառոսը:
Իսպանացի մասնագետի խոսքով` հավաքականն ունի իր խաղաոճը, որը պետք է գնալով էլ ավելի զարգացնել: «Այսօր հաղթեց Հայաստանը, և գլխավոր դերերում մեր ֆուտբոլիստներն էին։ Տղաները շատ մեծ աշխատանք կատարեցին և պատմություն կերտեցին»,- ասել է նա: Ի դեպ, հաղթանակի կապակցությամբ Կապառոսին շնորհավորել է իսպանական հայտնի «Սևիլիա» ակումբը, որտեղ մեր մարզիչը երկար տարիներ աշխատել է։ «Ձեր նվաճումները միշտ մերն են լինելու, պարոն: Շնորհավորում ենք Ազգերի լիգայի B լիգա բարձրանալու կապակցությամբ»,- ` գրված է «Սևիլիայի» թվիթերյան էջում: Ինչևէ, դեկտեմբերի 7-ին տեղի կունենա 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրկան փուլի վիճակահանությումը, իսկ արդեն մարտին մեր հավաքականը կսկսի պայքարը։ Կորոնավիրուսի համավարակի հետևանքով զրկված լինելով ընկերական հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից, Կապառոսը Ազգերի լիգայի խաղարկությունը լավագույնս օգտագործեց, ըստ էության, նոր հավաքական օգտագործելու համար։ Կապառոսը լուծեց առաջին և կարևոր խնդիրը։ Հիմա Հայաստանն ունի հավաքական, որն ի զորու է պայքարել։ Եկել է առաջ շարժվելու ժամանակը։ «Նպատակս է Հայաստանի հավաքականի հետ Կատարի աշխարհի առաջնությանը մասնակցել: Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ։ Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ վերադառնալու Հայաստան և սկսելու աշխատանքս: Ինձ համար այնտեղ հաջողության հասնելու երաշխիքը Խինես Մելենդեսն է. նրան շատ լավ գիտեմ՝ 1985 թվականից, երբ միասին էինք աշխատում: Մելենդեսը ֆուտբոլի մասին անհավանական գաղափարներ ունի: Ինձ համարում եմ թիմ կառուցող, և ինձ դուր է գալիս Հայաստանի հավաքականի նման թիմ գլխավորելը»,- այս հայտարարությունը Կապառոսն արել էր դեռևս այս տարվա մայիսին։
Փաստորեն, գլխավորելով մեր հավաքականը՝ Կապառոսը տեսել էր այն պոտենցիալը, որը կարելի է օգտագործել մեծ հաղթանակների հասնելու համար։ Իսպանացի մասնագետն Ազգերի լիգայում կատարեց առաջին քայլը։ Գրանցված արդյունքից հետո մեզ ոչինչ չի մնում անել, քան ուղղակի հավատալ Կապառոսին։ Եվս մեկ դիտարկում։ Ֆուտբոլասերների շրջանում շատ է խոսվում, որ Ազգերի լիգայում մեր հաղթանակը բարդացրեց իրավիճակը և մենք հայտնվեցինք ավելի ուժեղ դիվիզիոնում։ Նման խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան դատարկաբանություն։
Եթե մենք պետք է մտածենք չհաղթելու և ավելի թույլ ենթախմբում հայտնվելու մասին, ավելի լավ կլինի մոռանանք մարտունակ հավաքական ունենալու մասին։ Մեր գլխավոր հաղթանակը Ազգերի լիգայում տղաների ցույց տված որակյալ ֆուտբոլն էր, որը հիմք հանդիսացավ հաղթանակին։ Հաղթողին չեն դատում։