Հայաստանի վարչապետը դավաճան չէ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագայի հարց է, Շուշիի հանձնման հարցը մինչ այս պատերազմ չի քննարկվել: Այս ու մի շարք այլ հայտարարություններ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Россия-24-ի եթերում։
Պուտինը մասնավորապես հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ որոշված չէ: Մենք պայմանավորվել ենք, որ պահպանում ենք ստատուս քվոն, իսկ ինչ կլինի առաջիկայում՝ պետք է որոշել: Կարծում եմ, որ եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն, այսինքն՝ վերականգնվեն հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում՝ ժողովուրդների միջև կենցաղային մակարդակում, դրանք նաև կստեղծեն պայմաններ, որոնք թույլ կտան որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»:
Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ ՌԴ ղեկավարը հստակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ և ադեկվատ է գործել վերջին փուլում, երբ արդեն անելանելի իրավիճակ էր, և Շուշին ադրբեջանական վերահսկողության ներքո էր: «Երկրորդ՝ նա ասում էր, որ հոկտեմբերի 15-ից հետո կար հնարավորություն Ադրբեջանի հետ համաձայնագիր ստորագրելու Հայաստանի համար առավել ընդունելի պայմաններով, քանի որ այնտեղ կետ կար Շուշի ադրբեջանական փախստականների վերադարձի հետ կապված և ոչ Շուշիի վերադարձը Ադրբեջանին։ Փաշինյանի թիմն այդ կետը չընդունեց։ Այժմ ռուս խաղաղապահների ներգրավումը հակամարտության գոտում ստեղծում է բոլորովին նոր պայմաններ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ այժմ համանախագահները ցանկանում են շարունակել իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հետ կապված. «Դա կլինի ավելի հանգիստ պայմաններում։ Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան ինչ-որ տեղ հույս ուներ, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը, և այդ դեպքում մենք ավելի լայն հնարավորություններ կունենայինք Հայաստանին օգնելու հարցում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Բայց դա տեղի չունեցավ, ընդ որում՝ պատահական չէ, որ Պուտինն արդեն երկրորդ անգամ է խոսում այդ մասին։ Հիմա կքննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որպես անկախ պետություն՝ ամենայն հավանականությամբ այն սահմաններով, որ այժմ կա համաձայնագրի ձեռք բերումից հետո։ Իհարկե, դա արդեն հայերի խնդիրն է՝ հետագայում կցանկանան դառնալ մեկ միասնական պետություն, թե ոչ. դա տեխնիկական հարց է։ Իրավիճակն այնպիսին է, որ առաջիկա տասնամյակում լուրջ ցնցումներ չեն լինի, և իրադրությունը կունենա այն տեսքը, որը մենք ստացանք ձեռք բերված համաձայնագրից հետո»։
Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այժմ սկզբունքային նշանակություն չունի. «Պատերազմի պայմաններում իրավիճակն այլ էր, բայց այս փուլում չեմ կարծում, թե սկզբունքային հարց է։ Հիմա առաջնահերթ է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության հարցը, որ իրենց կյանքը վերադառնա բնականոն հուն։ Դրանից հետո, ինչպես հայերն են ասում, կամաց-կամաց բանակցությունների ֆորմատի պետք է անցնենք, ու որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Օրինակ՝ ես կցանկանայի, որ Հայաստանի մայրաքաղաքը ոչ թե Երևանը լիներ, այլ Ստեփանակերտը։ Գուցե ես սխալվում եմ, բայց Հայաստանը պետք է մտածի առհասարակ պետականաշինության, վերակազմավորման մասին»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հողեր հանձնելու քաղաքական բեռով Փաշինյանը երկար ժամանակ չի կարողանալու պահել իր իշխանությունը: «Հայերը դա հասկանում են, ինքը՝ Փաշինյանը, ևս հասկանում է, որ քաղաքական երկար ապագա չունի։ Հարցը հիմա հետևյալն է՝ ինչ ձևով և երբ է նա հեռանալու։ Չէի ցանկանա, որ նա Լինչի դատաստանին հանձնվեր, և որ նրան քարկոծեր այն նույն ամբոխը, որը ոչ վաղ անցյալում իրեն ձեռքերի վրա էր տանում։ Հայերը շատ ուժեղ հարված ստացան, իմ դիտարկմամբ՝ կարող ենք իրավիճակը համեմատել Առաջին համաշխարհային պատերազմի հետ։ Հայերի հեռանալն այն շրջաններից, որոնք հանձնվեցին Ադրբեջանին, ինձ հիշեցնում է Առաջին համաշխարհային պատերազմի դեպորտացիան։ Իհարկե, Փաշինյանը մտավ Հայաստանի պատմության մեջ բացասական հիշատակմամբ։ Իր իշխանությունը հասավ կուլմինացիայի սեփական մտածողության, անհասկանալի դատողության պատճառով։ Ցավոք, Ռուսաստանի բոլոր ջանքերը ոչնչի չբերեցին, ու հայերը ստացան այն, ինչ ստացան։ Մեզ համար վիրավորական է այն հանգամանքը, որ Ռուսաստանում կա մեծ հայկական համայնք, շատերը հաջողակ բիզնես են հիմնում, մինչդեռ կարող էին Հայաստանի իշխանության մեջ լինել ու օգնել սեփական ժողովրդին։ Մինչդեռ իրենք խաղից դուրս են այն ժամանակ, երբ Հայաստանում որոշումներ կայացնում է ամբոխը կամ մարդկանց շատ նեղ շրջանակ։ Ցավալի է, որ այս իրավիճակն է։ Հայաստանին ու Ռուսաստանին պատմությունն է կապում, ու ափսոս է, որ Ռուսաստանը կրկին ստիպված եղավ փրկչի դերում հայտնվել։ Այդ առաքելությունը մեզ մոտ ստացվեց»,- եզրափակեց Տարասովը։











































