Անցյալ շաբաթ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ժամանեց Բաքու: Սա նրա երկրորդ պաշտոնական արտագնա այցն էր հունիս ամսին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո: Օկուպացված Հյուսիսային Կիպրոսի Հանրապետություն բավականին վիճահարույց այց կատարելուց հետո մեկնելով Բաքու` Էրդողանը հենց այստեղ էլ ներգրավվեց Սերժ Սարգսյանի դեմ «բանավոր պատերազմի» մեջ:
Էրդողանը, մասնավորապես, քննադատեց և դատապարտեց Սերժ Սարգսյանի ելույթը, ով Ծաղկաձորում կայացած համաժողովում հանդիպել էր Հայաստանը և Սփյուռքը ներկայացնող ուսանողների հետ: Պատասխանելով Արևմտյան Հայաստանի, մասնավորապես Թուրքիայի սահմաններում գտնվող հայկական տարածքների` ներառյալ Արարատ լեռան հեռանկարների ու ճակատագրի մասին հարցին` Սարգսյանը տվեց շատ հետաքրքիր պատասխան: Քանի որ լսարանի մեծամասնությունը բաղկացած էր հիմնականում երիտասարդներից` Սերժ Սարգսյանը բացատրեց, որ իր սերնդի հիմնական առաքելությունն ու պատասխանատվությունն ադրբեջանական հարձակումներից և բռնություններից Լեռնային Ղարաբաղը պաշտպանելն էր, ինչպես նաև Ղարաբաղի հայության ազատությունն ու անվտանգությունն ապահովելը: Նա նշեց, որ իր սերունդը կարողացավ իրականացնել իր վրա դրված պարտավորությունները, ինչպես նաև պարզաբանեց, որ Արևմտյան Հայաստանի և Արարատ լեռան ճակատագիրը գտնվում է հաջորդ սերնդի` այդ հանդիպմանը ներկա ուսանողների ձեռքերում:
Այստեղ հետաքրքիրը Թուրքիայի արձագանքն էր, որը մեծ մասամբ նոր փորձություն էր Հայաստանի համար` վերջինիս ուժը չափելու տեսանկյունից: Թուրքիան մի քանի անգամ արդեն փորձել է ստուգել, փորձարկել և նույնիսկ մարտահրավեր նետել Հայաստանի իշխանությանը` նպատակ ունենալով պարզել, թե որքան ուժեղ կամ թույլ կլինի այն թուրքական մարտահրավերների հետ բախվելիս:
Ամենահետաքրքրականը, սակայն, այն է, որ Բաքու կատարած այցը վերածվեց իսկական «բանավոր պատերազմի», երբ այդ ընթացքում Ադրբեջանի նախագահն արդեն հասցրեց իր կողմից քննադատել և դատապարտել Հայաստանի նախագահին: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Ալիևը Հայաստանը և Թուրքիան համեմատեց փղի և մրջյունի հետ, ինչպես նաև քննադատեց Հայաստանի կողմից արդարացիորեն բարձրացվող Թուրքիայի սահմաններում գտնվող հայկական հողերի և ունեցվածքի խնդիրը:
Այս «բանավոր պատերազմը» բացահայտում է Ադրբեջանի քաղաքականության և ռազմավարության մեջ կատարված փոփոխությունը: Տարիների ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խնդրում նախընտրում էր «դիվանագիտական պատերազմը»` ձգտելով ներգրավել Հայաստանը և պայքարել Լեռնային Ղարաբաղի համար` ՄԱԿ-ի բանաձևերի, Մինսկի խմբում տարվող աշխատանքների միջոցով: Հատկանշականը, սակայն, այս ռազմավարության փոփոխությունն է, ինչը իրենից ներկայացնում է հրաժարում նախկին «դիվանագիտական պատերազմից» և նոր «պատերազմական դիվանագիտության» որդեգրում: Օգտագործելով ռազմական հարձակումները և Հայաստանի ու Ղարաբաղի դեմ պատերազմի սպառնալիքները` Ադրբեջանը փորձում է ուժեղացնել ճնշումը և լծակները Հայաստանի վրա: Ադրբեջանական այս նոր ռազմավարությունը հետաքրքիր է նաև նրանով, որ այն նպատակ է հետապնդում մեծացնել նաև Մինսկի խմբի և միջազգային հանրության վրա գործադրվող ճնշումը: Սա կապված է երեք գործոնների հետ: Առաջինն այն է, որ Ադրբեջանը հուսախաբված է Մինսկի խմբի խաղաղ գործընթացում առաջընթացի բացակայությունից, երկրորդը` Ադրբեջանը իրեն դավաճանված է զգում Թուրքիայի կողմից` Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացի պատճառով, և երրորդ գործոնն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է ռազմական հարձակումներն` իրավիճակը տեղում փոխելու և շրջելու, այլ կերպ ասած` ստատուս-քվոն հարցականի տակ դնելու և վերափոխելու համար:
Հարց է ծագում` որքա՞ն է Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգի լրջությունը: Ռազմական վերլուծության տեսակետից հետաքրքրականն այն է, որ նույնիսկ Ադրբեջանն է հասկանում, որ եթե պատերազմ հայտարարի Հայաստանին կամ Լեռնային Ղարաբաղին, ապա կպարտվի: Հայաստանի և Ղարաբաղի ռազմական դիրքերը իրենց էությամբ մեծավ մասամբ պաշտպանվողական են: Դրա ռազմական առավելությունը կապված է բարոյական վիճակի և մարտական պատրաստվածության բարձր որակի հետ: Ադրբեջանը, այնուամենայնիվ, գտնվում է վտանգի տակ, եթե գերագնահատի սեփական ռազմական ուժը: Այլ կերպ ասած` մենք այդքան էլ անհանգստացած չենք պատերազմի հայտարարությունից կամ պաշտոնական որոշումից, քանզի գոյություն ունի պատահական պատերազմի իրական վտանգ` հիմնված ռազմավարական թերի հաշվարկի վրա: Եթե Ադրբեջանը սկսի օգտագործել սահմանափակ ռազմական հարձակումներ ու բախումներ, ապա դրանք կարող են դուրս գալ վերահսկողությունից, վերաճել մեծ պատերազմի` ներքաշելով նաև տարածաշրջանային խաղացողներին: Ուստի պատահական պատերազմի վտանգը շատ ավելի իրական է և կապված է Բաքվի կողմից իրավիճակի ճիշտ չգնահատելու և թերի հաշվարկների հետ: Հետաքրքրականը նաև այն է, որ տարիների ընթացքում Ադրբեջանն էապես մեծացրել է իր ռազմական բյուջեն: Յուրաքանչյուր տարի միլիոնավոր դոլարներ Ադրբեջանում ուղղվում են պաշտպանության ծախսերին: Կարևորը ոչ թե թվերն են և Ադրբեջանի զինուժում աճող ներդրումները, այլ այն, թե ուր են գնում այդ գումարները և ինչպես են դրանք օգտագործվում: Ներկայումս Ադրբեջանի զինված ուժերը հանդիսանում են կոռուպցիայի կենտրոն: Այլ կերպ ասած` թեպետ ռազմական բյուջեի այսօրինակ աճին, այդ գումարների շատ փոքր մասն է ծախսվել նոր, ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու համար: Այս իրավիճակը, սակայն, փոխվել է: Անցած երկու տարիների ընթացքում Ադրբեջանը գնել է հարձակվողական սպառազինություն, և թեպետ կոռուպցիան գոյություն ունի նաև այժմ, սակայն Ադրբեջանը գումարների մի էական մաս հատկացրել է ռազմական ուժ ու կարողություն ձեռք բերելուն` սպառնալով Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին:
Ադրբեջանը բավական ակտիվ է մի շարք նոր երկրների հետ ռազմական դաշինքներ ստեղծելու և համաձայնագրեր կնքելու հարցերում: Երկար տարիներ Ադրբեջանը ներգրավված էր Ուկրաինայից և Բելառուսից զինամթերք ձեռք բերելու կոռուպցիոն գործունեության մեջ, սակայն այժմ մենք տեսնում ենք, որ ռազմական կապեր է ստեղծում, բացի Թուրքիայից, նաև Հարավային Աֆրիկայի, Պակիստանի և վերջերս էլ Հորդանանի ու Իսրայելի հետ: Սա նաև նշանակում է, որ Ադրբեջանը, առավել քան երբևէ, վերածվում է տարածաշրջանի անվտանգության և կայունության ամենալուրջ սպառնալիքի այն դեպքում, երբ Հայաստանը մնում է միակ պետությունը, որը աջակցում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Առկա է նաև Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջան մատակարարվող սպառազինության քանակի աճ: Ի՞նչ է սա նշանակում: Ե՛ւ Ադրբեջանի կողմից սպառնալիքի, ե՛ւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ «բանավոր պատերազմի» առումներով սա հաստատում է, որ Թուրքիան Հայաստանին հարգում է միայն այն ժամանակ, երբ վերջինս ուժեղ է և վճռական: Թվում է, թե Ադրբեջանը նույնպես հարգում է միայն ուժը: Հենց այս պատճառով Հայաստանի կառավարության համար հրամայական է դառնում իր դիվանագիտության և արտաքին քաղաքականության մեջ լինել առավել քան երբևէ ուժեղ և աներկբա: Ռուսաստանը նույնպես հարգում է միայն ուժը և այս կապակցությամբ պետք է նշել, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերություններում, դժբախտաբար, չկա բավարար համաչափություն: Այլ կերպ ասած` հնարավոր է, որ Հայաստանը ռազմավարական սխալ է գործել` թերագնահատելով իր կարևորությունը Ռուսաստանի համար և գերագնահատելով Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի համար: Այսպես` Հայաստանը Ռուսաստանի համար միակ վստահելի դաշնակիցն է տարածաշրջանում և միակ պետությունը, որ իր տարածքում ունի ռուսական ռազմաբազա: Հայաստանի տեսանկյունից դա, այո, կարևոր կանխարգելիչ միջոց է, սակայն կարևոր է նաև այն, որ հարաբերությունների բնույթը, ինչպես ցույց է տալիս ռուսական ռազմաբազայի օրինակը, ոչ այնքան ազնիվ է և միանշանակ անհարգալից Հայաստանի համար: Սա միակ ռուսական ռազմաբազան է ամբողջ աշխարհում, երբ տեղական կառավարությունը` Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունից չի ստանում ոչ մի գումար կամ վարձատրություն` իր տարածքում այդ ռազմաբազան տեղակայելու համար` ի տարբերություն Ղրղզստանի և նույնիսկ Ադրբեջանի, որտեղ Ռուսաստանը միլիոնավոր դոլարներ է վճարում այդ պետություններում ռազմաբազա ունենալու կամ ներկայացված լինելու համար: Հայաստանի կառավարությունը որոշեց ոչ մի վարձատրություն չպահանջել այս ռազմաբազայի համար, սակայն Հայաստանի ինքնիշխանության համար առավել վիրավորականն այն է, որ Հայաստանը նույնիսկ ստիպված է հոգալ այդ ռազմաբազայի ծախսերը: Սա երկկողմ հարաբերություններում համաչափության կամ հարգանքի բացակայության հաստատումն է:
Անդրադառնալով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակումների և Թուրքիայի կողմից քաղաքական հարձակումների օրինակներին, ապա վերլուծելով դրանց ժամկետները` բացահայտվում է հետաքրքիր մի փաստ: Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից մի շարք զինված հարձակումներ ժամանակի առումով տեղի էին ունենում այն ժամանակ, երբ ադրբեջանցիները կարծում էին, թե Հայաստանը թույլ է ներսից: Երբ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի կառավարությունը թույլ էր թվում, նրանք ավելի էին սաստկացնում հարձակումներն ու մարտահրավերները: Այժմ այդ ընկալումը փոխվել է, և դա լավ է: Հայաստանը երևում է շատ ավելի ուժեղ, քան անցյալում էր, և դա իրականություն է: Ուժի արտաքին ընկալումը մեծապես կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանում երկխոսություն է ընթանում ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև: «Դավիթների» երկխոսություն, որը խոստանում է ոչ միայն ցույց տալ Հայաստանի հակառակորդներին և թշնամիներին, որ Հայաստանը ներքուստ շատ ավելի ուժեղ է, քան նրանք պատկերացնում են, այլ նաև հիմքեր ունի մեզ բոլորիս մարտի 1-ից հետո ազգային ավելի մեծ համերաշխության համար հույսեր տալու: Այլ կերպ ասած` երկխոսությունն ինքնին շատ կարևոր է, որովհետև ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը ինչ-որ դասեր քաղել են և վերանայել են իրենց տեսակետները: Իշխանությունը հասկացել է, որ ավելի ճիշտ է ներգրավել ընդդիմությանը, աշխատել նրա հետ` ժողովրդավարության ավելի մեծ աստիճանի հասնելու համար: Ընդդիմությունն իր հերթին գիտակցել է, որ ավելի լավ է հարձակում գործել և վիճել իշխանության հետ կառուցողական ոճով, քաղաքականությունների և ոչ թե անձերի վերաբերյալ: Այս երկխոսությունը խոստանում է ավելի մեծ օժանդակություն ցուցաբերել Հայաստանի անվտանգությանն ու կայունությանը:









































