Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը երկրի ողջ բնակչության համար հասանելի կլինի 2021 թվականի ապրիլին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ սննդի և դեղերի որակի վերահսկման վարչությունը շուտով կհաստատի նահանգներում մշակվող դեղերից մեկը: Նա նշել է, որ կաշխատի այնպես անել, որ պատվաստանյութը «օգտագործման արտակարգ թույլտվություն ստանա»:
«Դրանից հետո իմ վարչակազմը կհամակարգի պատվաստանյութերի բաշխումը: Կարծում եմ՝ այս ամենը շատ արագ կհաստատվի, հուսով եմ ապրիլին պատվաստանյութը հասանելի կլինի ամբողջ բնակչությանը», – ասել է նա՝ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը նշել է, որ Նյու Յորք նահանգը բացառություն կլինի, քանի որ նահանգապետ Էնդրյու Կուոմոն «չի ցանկանում շտապել․ նա պատվաստանյութին դեռևս չի վստահում»: Թրամփը հավելել է, որ «այս պատվաստանյութերը աշխարհի լավագույն ընկերություններից են՝ լավագույն լաբորատորիաներից»: