Թերթի խմբագիրը գրում է. «Այսօրվա ընդդիմության կողմնակիցները բաժանվում են երկու մասի՝ ռադիկալ և չափավոր։ Երկուսն էլ, բնականաբար, ցանկանում են, որ Կոնգրեսը գա իշխանության, քանի որ հավատում են, որ այդպիսով Հայաստանի բնակչության համար կապահովվի բարեկեցիկ կյանք և արդարություն։ Տարբերությունը, բնականաբար, այն մեթոդների մեջ է, որոնց միջոցով հնարավոր է հասնել բաղձալի իշխանափոխության։ Առաջինների տարերքը փողոցն է՝ ոստիկանների գլխարկ թռցնելը, մամուլում և սոցիալական ցանցերում հայհոյանքներ գրելը, չբացահայտված սերժականների «դիմակը պատռելը», իշխանություններին և նրանց սպասարկուներին հաշվեհարդար սպառնալը, նստացույցեր անելը, վրաններ խփելը և այլն։ Երկրորդները գերադասում են իրենց մտքերն արտահայտել ոչ փողոցային ժարգոնով, լուռ, առանց բղավելու կանգնել Ազատության հրապարակում, մասնակցել Կոնգրեսի տեղական կառույցների ստեղծմանն ու ուժեղացմանը։
Անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը խնդիր ունեն հավասարակշռություն պահելու իրենց ընտրազանգվածի այս երկու հատվածների միջև, այնպես որ ոչ ռադիկալները խրտնեն, ոչ էլ չափավորները։
Իշխանություններն էլ այս առումով կողմնորոշվելու խնդիր ունեն։ Եթե նրանք չդրսևորեն բավարար ճկունություն, արմատականների խաղաքարտերը կլինեն շատ ուժեղ, և փողոցային պայքարի կողմնակիցներն իրենց կզգան ինչպես ձուկը ջրում։ Եթե որոշակի համաձայնություն, այնուամենայնիվ, ձեռք բերվի, ուրեմն աշնանային ջրբաժանը տեղի կունենա հենց ՀԱԿ-ում՝ մի մասը կպառկի ասֆալտին, մյուսը՝ կգնա ընտրությունների»։









































