Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Վատիկանն իր բողոքն է արտահայտել առանց իր թույլտվության Չինաստանում նոր եպիսկոպոս կարգելու կապակցությամբ: Փաստաթղթում դա բնութագրված է որպես «ցավոտ վերք», որը խոչընդոտում է Վատիկանի և Պեկինի միջև երկխոսությունը: Խոսքը Ջոզեֆ Գուոյի ձեռնադրման մասին է: Հայտարարության մեջ նշված է, որ Պեկինում լոյալ եպիսկոպոսները ստիպված են եղել մասնակցել այդ արարողությանը, իսկ նրանց տեղաշարժը սահմանափակվել է:
Չինաստանի իշխանությունների և հատուկ ծառայությունների այսօրինակ գործունեությունն, ըստ Վատիկանի, խղճի և դավանանքի ազատության լուրջ խախտում է: Վատիկանում հայտարարել են, որ մտադիր են այս հարցի հետ կապված լուրջ քննություն անցկացնել:
Տեղեկացնենք նաև, որ Չինաստանում գործում է Կաթոլիկների հայրենասիրական ասոցիացիա, որը ճանաչված է չինական իշխանությունների կողմից, իսկ Վատիկանի լոյալ եպիսկոպոսները գտնվում են օրենքից դուրս: