Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Վճռական պահ հայ ժողովրդի պատմության մեջ

Ժողովրդի պատմության մեջ լինում են պահեր, երբ հույսը չկտրելը լուրջ փորձություն է դառնում, երբ լավատեսությունը հնարավոր է պահպանել միայն այն դեպքում, եթե այն հավասարեցված է ինքնախաբկանքի, երբ անտարբերությունը մեծ պատասխանատվություն է, և երբ լռությունը համազոր է մեղքի:

Հայաստանի ներկա իրավիճակը ճիշտ այդպիսի մի պահ է, եթե, իհարկե, մարդ մտահոգված է Հայաստան պետությամբ։
Երկու տասնամյակի պատմություն ունեցող անկախ պետության մեջ արտագաղթը հասել է ծայրահեղ վտանգավոր չափսերի. վտանգավոր Հայաստանի ազգային անվտանգության ու պետականության կառուցվածքի համար՝ սպառնալով պետության գաղափարին, որը այլ արժեք ունի, քան ընդհանուր անցյալի գիտակցումը։

Ժամանակն է հասկանալու, ինչպես շատերն են հասկանում Հայաստանում, որ արտագաղթի ներկա ծավալները մեզ հասցրել են պատմական կարևորություն ներկայացնող աղետի շեմին. աղետ, որ անհամեմատ ավելի մեծ է, քան սովորաբար հիշատակվող դժվարին խնդիրները։

Մենք հպարտանում ենք պատմության մեր իմացությամբ և միաժամանակ կատարյալ տգիտություն ցուցաբերում այն հարցում, թե այդ պատմությունն ի՛նչ կարող է նշանակել, ի՛նչ դասեր կարող է մեզ տալ, եթե, անշուշտ, ցանկանում ենք որևէ դաս առնել: Մեր քաղաքական, մտավորական, գիտնական ու կրոնական այրերից շատ-շատերն իրենց ելույթները, հոդվածները, գրքերն ու քարոզները զարդարում են այդ պատմության մեջ լեցուն ողբերգությունների հղումներով։ Նաև շեշտում են այդ պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը: Եվ սակայն կարծես մոռացության են մատնում այն պարզ փաստը, որ Հայաստանը դատարկվում է, և որ ծանր ու դաժան այդ հանգամանքն ունի իր անդառնալի հետևանքները։

Հայտնի է, որ Հայաստանից կատարվող արտագաղթն առնվազն հազար տարվա պատմություն ունի: Մեր պատմաբանները բազմաթիվ պահեր են մատնանշել, երբ հայերը զանգվածաբար լքել են իրենց հայրենիքը։ Եվ սակայն ո՛չ պատմաբանները և ո՛չ էլ այլոք միշտ չէ, որ գնահատել են դրա հետևանքները: Մենք գիտենք, որ Վասպուրականի Արծրունիները կառուցել են Աղթամարի եկեղեցին, բայց կարծես թե անտեսում ենք, որ դա արել են, որպեսզի տոնեն հայոց կենտրոնական իշխանությունների գնով իրենց արքա դառնալը՝ դրանով ստեղծելով փոքրիկ ու խիստ խոցելի պետություն և թուլացնելով համապարփակ Բագրատունյաց թագավորությունը։ Կարծես հոգներս չէ նաև այն, որ, դառնալով Բյուզանդիայի ընդարձակման կարևորագույն թիրախ, «արքայական գոյության» վերջում Արծրունիներն իրենց թագավորությունը փոխանակեցին Հայաստանից դուրս կալվածքի հետ և տասնյակ հազարավոր իրենց հպատակների հետ միասին հեռացան երկրից։ Սա նույն այն Աղթամարն է, որի առիթով վերջերս մեր բոլոր կաոոյցներով՝ պետական և սփյուռքյան, այդքան աղմուկ բարձրացրինք։ Երբեմն թվում է, թե ազգ զգալու համար անցյալի արվեստը գնահատելուց բացի ուրիշ բան չի պահանջվում։

Սա և զանգվածային արտագաղթի նման դեպքերը բացատրում են, մասամբ, թե ինչո՛ւ կորցրինք պատմական Հայաստանը:

Դրանք կապված են մեր պատմության ամենաողբերգական ու ծանր հետևանքներ թողած իրադարձության՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Ցեղասպանության հետ։ Ցեղասպանությունն ու Ցեղասպանության ճանաչման ջանքերը, զանազան ծավալներով, համակել են սփյուռքի ու Հայաստանի քաղաքականությունն ու քաղաքական միտքը: Այդ աղետին հարմարվելու համար տասնամյակներ են անհրաժեշտ եղել, և սակայն չենք կարող ասել, թե տիրապետում ենք իրադրությանը։ Մենք պետք է իրադարձությունները նախևառաջ ինքներս մեզ պատմեինք, ապա հետո՝ աշխարհին: Ոմանք սկսել են ուսումնասիրել Օսմանյան Թուրքիայի կառավարության վարած քաղաքականության պատճառները։ Միևնույն ժամանակ մենք որոշել ենք, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումն է այն բնագավառը, ուր պետք է կենտրոնացնենք մեր ուժերը։ Ակնկալել ենք, որ ուրիշ ժողովուրդներ օժանդակեն ճանաչման մեր արշավը, քանի որ նրանք և մնացած աշխարհը դասեր կքաղեն հայոց Ցեղասպանությունից, պատմությունից, մե՛ր պատմությունից։ Եվ սակայն զլացել ենք նույնքան կարևոր մի հարց տալ։ Երբ որոշեցին, որ ցանկանում են սպանել մի ժողովուրդ, ինչո՞ւ Օսմանյան կայսրության այդ շրջանի ղեկավարները կարծեցին, թե կարող են նման մասշտաբներով իրականացնել այն տեղահանություններն ու կոտորածները, որոնք անհրաժեշտ էին իրենց նպատակին հասնելու համար։ Ինչո՞ւ մտածեցին, թե կարող են նման չափերով հասնել նրան, ինչին այժմ Ցեղասպանություն ենք կոչում։ Տեխնիկապես դրա իրագործումն ինչո՞ւ էր հնարավոր առհասարակ։
Պարզ ճշմարտությունն այն է, որ հայերն իրենց իսկ երկրում վերածվել էին փոքրամասնության, և նրանց թիվն իջել ու հասել էր այնպիսի մի շեմի, որ իրենց ձեռքերով իրենց խնդիրների որևէ լուծում անհնարին էր դարձել: Հազար տարի առաջ հայերը կազմում էին պատմական Հայաստանի բնակչության առնվազն 90 տոկոսը՝ տարբեր հաշվարկներով կազմելով մեկից մինչև չորս միլիոն: 1914 թ., ըստ մեր պատրիարքարանի տվյալների, ամբողջ Օսմանյան կայսրությունում 2.2 միլիոն հայ կար: Մինչ այդ տեղի ունեցած կոտորածներով կարելի է բացատրել բնական աճի բացակայության փոքր մասը միայն: Անհատների, ընտանիքիների ու խմբերի արտագաղաթը, չնայած դրա աներկբայորեն ծանրակշիռ պատճառներին, ինչպես նաև ազգափոխություն-դավանափոխությունը, կազմում են մնացած՝ հիմնական պատճառները:

Բնակչության այդ հյուծումն ու նվազումն են, որ երիտթուրքերի կառավարության համար Ցեղասպանությունը դարձրին Հայկական հարցի լուծման հնարավոր միջոց, և, նման քաղաքականություն ընդունելուց հետո՝ դրանց պատճառով էր, որ կարողացան հաջողությամբ իրագործել այն: Եվ դա՝ չնայած մինչև պատերազմը ֆիդայիների կողմից և բուն Ցեղասպանության ընթացքում հայկական դիմադրության կենտրոններից շատերում ցուցաբերված հերոսական պայքարին: Վերջնական արդյունքը չի պայմանավորվում ճառերով ու գաղափարախոսություններով, և ոչ էլ նույնիսկ հերոսություններով ու խիզախությամբ։ Մեր շուրջ ծավալվող օբյեկտիվ իրականությունն է, ժամանակի ընթացքում կազմավորվող իրողություններն են, որ պետք է հաշվի առնենք:

Մեր թվաքանակն ընկավ այն շեմից վար, որից հետո անհնար էր Օսմանյան պետության դեմ հայկական հեղափոխությունը, և, ընդհանուր առմամբ՝ անհույս էր Ցեղասպանության դեմ բարեհաջող ինքնապաշտպանությունը: Փաստն այն է, որ այն հազվադեպ վայրը, ուր դիմադրությունն ապահովեց նշանակալի թվով հայերի փրկությունը կոտորածներից ու տեղահանություններից, այնտեղ էր, ուր հայերը հոծ մեծամասնություն էին կազմում, ինչպիսին էր հյուսիսային Վան գավառը։ Միայն հիացում ունենք անհատ հերոսների խիզախության, ստույգ մահվան դեմ արժանապատվորեն կռված բազմաթիվ համայնքների վճռականության հանդեպ և վիշտ, հարգանք ու ակնածանք՝ զոհ գնացած ժողովրդի հանդեպ, ինչպես նաև ցասում՝ այդ պատճառով ։ Սակայն այդ բոլորը չեն հատուցում ռազմավարական ու իրատեսական մտածողության բացակայությունը կամ այդ աղետից դասեր քաղելու անհրաժեշտությունը:

Դրանից գրեթե մեկ դար անց այժմ նման մի շեմի ենք հասնում Հայաստանի Հանրապետությունում, ուր ազգաբնակչության նվազող մակարդակը, սերտորեն առնչված հարևանների հետ ունեցած չլուծված հակամարտություններին, սպառնում են տնտեսության ու ազգային պաշտպանության իրականացմանը:
Սա կշտամբանք չէ մեր ժողովրդի կամ նրա առանձին անդամների հանդեպ. անհատներն իրենք են որոշումներ կայացնում իրենց ներկայի ու ապագայի վերաբերյալ՝ հիմնված իրենց կարիքների ու հնարավորությունների վրա: Արժանապատիվ ապագայի այդ հնարավորությունները վերջին հաշվով ստեղծվում են նրանց կողմից, ովքեր ղեկավարում ու կառավարում են պետությունը և որոշում դրա խնդիրները: Շատ ազգեր են ենթարկվել հարձակումների ու կոտորածների, սակայն նման ոճրագործությունների ենթարկված ոչ բոլոր ժողովուրդներն են լքել իրենց հայրենիքը: Հայաստանում ղեկավարության նշանակությունն այնքան է, որքան որևէ երկրի պատմության մեջ, ինչպես Արծրունիների դեպքում: Ներկա ժամանակներում ժողովրդավարական գործընթացները պետք է որոշ հսկողություն սահմանեն ղեկավարների գործողությունների վրա: Սակայն մի պետության մեջ, ուր քվեները համակարգայնորեն և զանգվածայնորեն կեղծվում են, անհատ քաղաքացիները այդ պետության քաղաքականության մեջ սահմանափակ դեր ունեն կամ չունեն բնավ:

Արտագաղթն ու դրա արագացված ընթացքը գաղտնի գործընթաց չեն եղել: Ի վերջո, Հայաստանում հազիվ թե մի ընտանիք գտնվի, որն արտասահմանում ազգականներ չունենա, սակայն Հայաստան վերադարձողների ու Հայաստանը լքողների վիճակագրական տվյալների հարաբերակցությունը խաբել չի կարող: Իհարկե, եղել են մարդիկ, հատկապես Հայաստանում, ովքեր հրապարակավ քննարկել են այս հարցը: Ոմանք տագնապի ազդանշան են հնչեցրել: Հիմա արդեն կարծես տեսնում ենք, որ հարցն իբրև հիմնական մտահոգություն շատ-շատերի կողմից է քննարկվում հայրենիքում:
Սակայն շատերի համար, հատկապես սփյուռքում, այդքան մեծ թվով քաղաքացիների կողմից իրենց երկիրը լքելու հանգամանքը դիտվել է իբրև ևս մեկ ցավալի իրողություն՝ բազում ցավալի այն իրողությունների շարքում, որ տեղի են ունենում Հայաստանում անկախությունից ի վեր: Խնդրի ահագնությունը կարծես թե չի ընկալվել: Մտավորականներն ու գիտնականները այս հարցը հարկ եղած տագնապով գրեթե չեն հնչեցրել: Անկասկած է, որ այլևս չենք տեսնում ավանդական երեք՝ Դաշնակցության, Ռամկավար ու Հնչակյան կուսակցությունների կամ սփյուռքյան այլ կազմակերպությունների որևէ համատեղ հայտարարություն, որով մտահոգություն արտահայտվեր Հայաստանի հայաթափման կապակցությամբ: Թեկուզ դա լիներ 1988 թ. հոկտեմբերի ձախորդ համատեղ հայտարարության նման մի բան, որն ուղղված էր Ղարաբաղ կոմիտեի դեմ. ա՛յն Ղարաբաղ կոմիտեի, որը Ղարաբաղի պաշտպանությունն առաջնայնություն էր հռչակել և ընթանում էր դեպի Հայաստանի անկախություն: Նման մի հայտարարություն առնվազն ընդհանուր մտահոգության առարկա կդարձներ Հայաստանի հայաթափման հարցը։ Խոսքն այն համատեղ հայտարարության մասին է, որը Մոսկվային էր վստահում Ղարաբաղի հարցի լուծումը և փաստորեն պնդում, որ իրենք Հայաստանի ապագան միայն Խորհրդային Միության կազմում են տեսնում: Գիտեմ, որ շատերը կցանկանային մոռանալ այդ հայտարարությունն ու այն ծնող քաղաքականությունը. ի վերջո, անցյալի առնչությամբ մենք մեզ ենք վերապահել մոռացման իրավունքը: Այդ հայտարարության տրամաբանությունն այն էր, թե Թուրքիան կոչնչացներ Հայաստանում ազգի մնացած հատվածին, եթե հայրենիքի այդ վերջին մասունքն անկախանար: Հայաստանն այժմ անկախ է արդեն 20 տարի, և ժողովուրդը չի ոչնչացվել Թուրքիայի կողմից:

Հայաստանի ժողովրդի մեծ մասին չի տրվում երկրում մնալու և պատշաճ ու արժանապատիվ կյանք վարելու հնարավորությունը, մինչդեռ արտագաղթելու հնարավորությունը դառնում է կաʹմ հնարավոր միակ տարբերակը, կաʹմ ամենահրապուրիչը՝ երբեմն հրապուրիչ դարձած արտասահմանի ազգականների և կամ Սիբիրը բնակեցնելու ռուսական նախաձեռնության շնորհիվ: Եվ այս հնարավորությունը մեր կուսակցություններին ու կազմակերպություններին ի մի չի բերում։

Ազգ-պետությունը կարող է գոյատևել պատերազմների ու պատուհասների, սովի, վատ կառավարման, կոռուպցիայի և այլ փորձությունների պայմաններում, կարող է գոյատևել նույնիսկ ամբողջատիրական ու բռնակալական կառավարությունների պայմաններում: Սակայն չի կարող գոյատևել պետությունը կազմող և նրա առկայությունն արդարացնող հիմնական միավորի՝ ժողովրդի վճռորոշ քանակի կորստի պայմաններում:

Բռնատիրություններ են եղել, որոնք օբյեկտիվ ինչ-որ չափանիշով առնվազն մեկ հիմնախնդրի լուծում են ապահովել և դրանով իսկ գեթ մասնակիորեն քավել իրենց մեղքը: Նման փորձառության իր բաժինն ունի Հայաստանը Խորհրդային շրջանում: Ոչ-ժողովրդավար և հաճախ նույնիսկ դաժան ռեժիմը արդյունաբերականացրեց ու արդիականացրեց այն երկիրը, ինչ մնացել էր պատմական Հայաստանից, և մշակութային ու պետական ամուր ինֆրակառուցվածք զարգացրեց: Որքան էլ վերջում տնտեսապես ու քաղաքականապես սնանկ, այնուամենայնիվ, ԽՍՀՄ-ում հնարավոր եղավ ռեժիմը և քաղաքական ու տնտեսական համակարգերը փոխել և, այդ ամենով հանդերձ՝ կենսունակ երկիր ունենալու հնարավորություն ստեղծել: Քանի՞ մարդ կա, որ լրջորեն հավատում է, թե հնարավոր կլինի հայոց կենսունակ պետականություն պահպանել, երբ այն արդեն կորցրած լինի իր ազգաբնակչության վճռորոշ հատվածը:

Վերջին ժամանակներում Հայաստանից արտագաղթն սկսվել է 1970-ականներին՝ իբրև ԱՄՆ ճնշման տակ ԽՍՀՄ-ի ընդունած այն որոշման կողմնակի արգասիք, որով խորհրդային հրեաներին թույլ էր տրվում արտագաղթել: Խորհրդային Միության տնտեսական փլուզումը, որով նախանշվեց անկախությունը, ծայրագույնս դաժան անդրադաձավ Հայաստանի վրա՝ Ղարաբաղի պատերազմի և էներգետիկ շրջափակման հետևանքով: Հայաստանից արտագաղթն արագացավ և շարունակվեց անկախությունից հետո 20 տարի՝ հիմնականում սոցիալական ու տնտեսական պատճառներով, ինչին վերջերս ավելացավ նաև հուսալքությունը:

Անկախությունից հետո առաջին մի քանի տարին Հայաստանի նորագույն պատմության ամենածանր տարիներն էին: Այդ շրջանին բնորոշ էին խորհրդային սնանկացած տնտեսության կործանումը, արդյունաբերության անգործածական վիճակը, էներգետիկ ճգնաժամը, Ադրբեջանի հետ պատերազմը, երկրաշարժը, որը Հայաստանի հյուսիսում ավերեց երկրի մեկ երրորդը, Ադրբեջանից մոտ 300.000 փախստականների ներհոսքն ու գրեթե անմիջապես արտահոսքը և համակարգային փոփոխությունների մեծ մասի փորձնական բնույթը, ինչպես և արտագաղթը:

Հիմնական տարբերություններ կային առաջին վարչակազմի, որին ես մաս եմ կազմել, և դրան հաջորդած վարչակազմի մտածողությունների միջև։ Տարբերություններից մեկն այն էր, որ առաջին վարչակազմը փորձում էր մեր հարևանների հետ ունեցած խնդիրները լուծել, ինչն անհրաժեշտ էր Հայաստանի տնտեսության ապագայի, ինչպես նաև երկարաժամկետ անվտանգության համար։ Հանրապետությունն ստեղծվեց, և անկախությունը նվաճվեց, որպեսզի Հայաստանի քաղաքացիների համար ավելի բարեկեցիկ և ավելի անվտանգ կյանք ապահովվեր։ Իր տարածքի ու քաղաքացիների անվտանգության համար պատասխանատվության միևնույն առաջնայնությունը տարածվեց նաև Ղարաբաղի ու նրա ազգաբնակչության վրա։ Ի հեճուկս բոլոր հավանականությունների՝ ճշգրիտ հաշվարկված ռազմավարացումը, Հայաստանի ժողովրդի կամքը, Ղարաբաղի ժողովրդի տոկունությունը և Ղարաբաղի ու Հայաստանի մեր երիտասարդների և սփյուռքից մի քանիսի անձնազոհությունը, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարության կողմից թույլ տրված մարտավարական սխալներն ապահովեցին պատերազմի դրական ելքը: Ղարաբաղյան պատերազմը կամ առնվազն դրա ամենավերջին փուլն ավարտվեց 1994 թվականին մի հաղթանակով, որն իրական էր, այլ ոչ բարոյական, որքան էլ որ վերջինս ոմանց ավելի հաճո թվա։

Առաջին այդ տարիների և ապա վերջին տասից ավելի տարիների միջև տարբերությունն այն է, որ մինչև 1996 թվականը հաջող ավարտի հասցվեց պատերազմը, լուծվեց էներգետիկ ճգնաժամը, համակարգային փոփոխություններն ավելի ամուր հիմքի վրա դրվեցին, երկրաշարժից տուժած աղետի գոտու վերակառուցումը դրվեց ավելի կազմակերպված, թեկուզև դանդաղ հունի մեջ, և կայունացվեց փախստականների հարցը։ Կայուն զարգացում սկսելու և դրա անխափանությունն ապահովելու համար անհրաժեշտ հիմնական խնդիրներից մնաց Հայաստանի երկու հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակամարտությունների լուծման հարցը: Այս երկու չլուծված հակամարտություններն ունեն տնտեսական, անվտանգության ու ռազմավարական բնույթի կարևորություն թե՛ Հայաստանի և թե՛ Ղարաբաղի համար: Եվ դրանք նույնպես կարող էին լուծվել։

Եվ սակայն այն, ինչ հետևեց այդ վաղ տարիներին, լավագույն դեպքում ծայրահեղորեն անճարակ էր, իսկ վատագույն դեպքում՝ ողբերգական վատնում:

Դժբախտաբար, երկրորդ նախագահի իշխանության տարիները, իբրև պատմաբան ողորմած լինելու համար, կարող եմ լավագույնս բնորոշել որպես «վատնված տասնամյակ»։ Հայաստանի մնացած մեծ հիմնախնդիրներից և ոչ մեկը չլուծվեց բախտորոշ այդ տարիների ընթացքում։ Կարծես ամեն բան արվեց հավաստիանալու համար, որ դրանք չեն լուծվելու՝ չնայած պատասխանատու անձանց կողմից կատարված ճիշտ հակառակ բնույթի հայտարարություններին: Երևանի կենտրոնում նոր շենքերի կառուցումը և նոր սրճարանների ու թանկարժեք խանութների բացումը, որոնք սովորաբար մի քանի մարդու ձեռքերում ապօրինաբար կուտակված վիթխարի փողերը լվանալու նպատակ էին հետապնդում, որևէ կապ չունեին այն երևույթի հետ, ինչն ընդունված է համարել տնտեսական զարգացում: Այլապես տարեկան 10 տոկոս տնտեսական աճի տարիներ ի վեր տարփողված արհեստական պղպջակը ֆինանսական տկարության առաջին իսկ նշաններից ցաքուցրիվ չէր լինի:

Այդ տաս տարիները պետք է գործածվեին Հայաստանի հարևանների հետ հակամարտությունների լուծման համար՝ հնարավորինս օգտվելով այն առավելություններից, որ ձեռք էր բերել Հայաստանը և սակայն դժվար թե կարողանար երկար պահել: Ի վերջո, բոլորի համար, բացի նրանցից, ովքեր որոշել են չտեսնելու տալ ամբողջական պատկերը, ակնհայտ էր, որ ժամանակի ընթացքում այդ առավելությունները վերանալու էին։ Փոխանակ պետական այրերին վայել որոշումներ կայացնելու, ղեկավարները ներքաշվեցին երկդիմի վարքի մեջ՝ պնդելով մեկ բան և ամեն բան անելով, որ տեղի ունենա ճիշտ հակառակը. մի վարքագիծ, որը ողջունվեց սփյուռքյան կազմակերպությունների մեծ մասի, այդ թվում և նրանց կողմից, որոնց հետաքրքրությունը Ցեղասպանության ճանաչման համար պայքարն է՝ իբրև ազգային օրակարգի կարևորագույն հարց, իբրև հայրենասիրական գործունեություն սրբազնագույն ապացույց։

Այդ տարիները վատնվեցին տվյալ ղեկավարների կողմից աննախադեպ իշխանության հասնելու վրա՝ իրենց համար հարստություն կուտակելու և սանձարձակ ուժի կիրառումն ըմբոշխնելու համար։ Դրանք նույն այն ղեկավարներն էին, որոնք պնդում էին, թե հակամարտության գոտում կարելի էր պահպանել ստատուս քվոն և միաժամանակ հասնել տնտեսական մեծ զարգացման, որ սփյուռքի կապիտալ ներդրումները Հայաստանի տնտեսության զարգացման մեջ կարող են համազոր լինել Ադրբեջանի նավթի ու գազի եկամուտներին։

Ղարաբաղից դուրս գտնվող գրավված ադրբեջանական տարածքներն, այո, մնում են հայկական ուժերի վերահսկողության տակ, սակայն Հայաստանն ու Ղարաբաղը շարունակում են արնաքամվել՝ վտանգավոր չափերով կորցնելով իրենց ազգաբնակչությանը և դրանով իսկ վտանգելով այդ պետությունների բուն հիմքերը։ Ստատուս քվոն այդպես էլ սառեցում չնշանակեց, իսկ եղած փոփոխություններն ի նպաստ մեզ չեղան։

Բացի այդ, պետք էր հասկանալ, և հասկացել էինք, որ եթե Հայաստանը ցանկանում է գոյություն ունենալ իբրև կենսունակ պետություն, և եթե հայերը ցանկանում են լինել և ապրել այս երկրում, պետք է մեր ունեցած հարևանների հետ հաշտ ապրենք, պետք է լուծենք նրանց հետ ունեցած հակամարտությունները։ Իր չորս հարևաններից այսօր Հայաստանը ոչ-բարեկամական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, փաստացի պատերազմի մեջ է երկրորդի՝ Ադրբեջանի հետ՝ չունենալով խաղաղության պայմանագիր, այդ երկուսի հետ ունեցած խնդիրների պատճառով թերի հարաբերությունների մեջ է մյուս երկու հարևանների՝ Վրաստանի ու Իրանի հետ, և անառողջ հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ։ Այս պայմաններում պատկերացնել, թե այսօրվա Հայաստանը կարող է կենսունակ պետություն լինել իր ժողովրդի համար՝ այնքան արտառոց է, որ միայն երևակայական աշխարհում ապրողին կարող է հասու լինել։ Իսկ այն բանի հնարավորությունը, որ կարող է մոտ կամ թեկուզ հեռավոր ապագայում Թուրքիան ու Ադրբեջանն իրենց իրերը կապեն- հեռանան, և նրանց փոխարեն, ասենք, Ֆինլանդիան ու Լյուքեմբուրգը գան-հաստատվեն մեր կողքին, այնքան էլ մեծ չի։ Փաստորեն, մեզ անհրաժեշտ եղավ հասկանալ, որ մեր առջև ծառացած խնդիները մե՛ր խնդիրներն են, որ մենք ինքներս խնդրի մաս ենք կազմում, քանի որ մեր ուզածը հակադրության մեջ է այն բանի հետ, ինչ մեր հարևանը կարծում է՝ իրենն է, որ մե՛նք պետք է լուծենք այդ հակասությունները, այլ ոչ թե սպասենք, որ ուրիշները լուծեն մեր փոխարեն, որ, մի խոսքով, մենք տարածաշրջան այցելած հյուրեր չենք, այլ այստեղ ենք՝ մնալու նպատակով։ Վերջապես, մենք վստահ էինք, որ Հայաստանի ու Ղարաբաղի կենսական շահերը պաշտպանելուն զուգընթաց կարող էին լուծվել նաև մնացած այդ խնդիրները։

Ոմանք կարծում էին, թե տեղում ստատուս քվոյի պահպանումը մեծագույն նվաճումն էր, որ Հայաստանի պետությունը կարող էր ձեռք բերել իր և Ղարաբաղի համար: Այդպես մտածողներից էին Հայաստանի երկրորդ նախագահն ու նրա խնկարկուները։ Երկրորդ նախագահը, որը ոմանց համար պաշտամունքի առարկա էր՝ Ցեղասպանության ճանաչման պատմականորեն կարևոր հարցը պետական քաղաքականության մակարդակի բարձրացնելու պատճառով, խորշում էր պատմությունից և հնարավոր որևէ դասից, որ համեստաբար կարող էր ներկայացնել այդ պատմությունը։ Նրա համար Ցեղասպանության հարցն ընդամենը զենք էր, որը կարելի էր ճարպկորեն գործածել՝ Թուրքիային նվաստացնելու նպատակով, որպեսզի վերջինս այլևս Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում առաջընթացը նախապայման չսարքի երկկողմ հարաբերությունների կարգավորման գործում։ Ցեղասպանության ճանաչման հարցը նրա մտքի մեջ կարևոր էր նաեւ այնքանով, որքանով դրա բարձրացումը պետական քաղաքականության մակարդակի կապահովեր Հայաստանում սփյուռքի ներդրումների երկրաչափական պրոգրեսիայով աճը։

Երկրորդ նախագահի կողմնակիցներից շատերի համար Ցեղասպանության ճանաչումն ընդամենն առաջին քայլն էր դեպի հատուցում՝ չնայած այն հանգամանքին, որ երկրոդ նախագահն անձամբ, Հայաստանի Հանրապետության անունից, հերքել է նման հավակնությունները։ Գիտեմ, որ շատերը կցանկանային ընդլայնել Հայաստանն ու Ղարաբաղը և ավելի շատ տարածքներ ընդգրկել դրանց մեջ։ Երջանիկ կլինեի ողջունելու նման մտքերը, եթե արժանահավատ որևէ ռազմավարություն դրվեր այդ նպատակի հիմքում։ Երբ շատ երիտասարդ էի, ես նույնպես նման նպատակներ էի տածում. ես դրանք արդարացի էի համարում։ Երբ մի փոքր ավելի մեծացա, ի պատասխան իմ այն հարցերի, թե ինչպես պետք է հասնենք այդ նպատակներին, ինձ պատասխանեցին, թե գաղտնիքներ կան, որոնց միայն ղեկավարներն են տիրապետում, իսկ մենք պետք է ընդամենը վստահենք ու հետևենք նրանց։ Ժամանակն անցավ, և պարզ դարձավ, որ ոչ ոք չուներ կախարդական այդ բաղադրատոմսը:

Ինչպես պարզվեց, Խորհրդային կամ ոչ-խորհրդային Ռուսաստանի վրա հույս դնելն էր այդ գոյություն չունեցող ռազմավարության ոչ-կախարդական մասը։ Ռուսաստանը թե՛ դրական և թե՛բացասական դեր է ունեցել մեր պատմության մեջ, ներառյալ մեր պետականության կազմավորման, այդ պետականության տարածքի ու բնակիչների քանակի առնչությամբ։ Չի կարելի անտեսել ոչ դրականը և ոչ էլ բացասականը։

Սակայն ի վերջո չի կարելի մոռանալ, որ Ռուսաստանը գործում է ի՛ր, ոչ թե մեր շահերից ելնելով, և մենք պետք է ընդունենք այդ փաստը և գործենք դրան համապատասխան։ Ռուսաստանը չի ընդունում և չի ընդունելու խորհրդային ժամանակաշրջանի սահմաններով Լեռնային Ղարաբաղից դուրս ադրբեջանական տարածքների վերահսկողությունը հայկական ուժերի կողմից՝ անկախ այն բանից, թե մենք ինչպես ենք որակում այդ վերահսկողությունը։ Թեև Հայաստանի տարածքն այս պահին կարծես թե ապահով է թվում, Ռուսաստանի տեսակետից Ղարաբաղը մնում է որպես բանակցելի միավոր. ի վերջո, Մոսկվան Բաքվի հետ սակարկելիք անհամեմատ ավելի շատ հարցեր ունի, քան Երևանի հետ:

Իրական քաղաքականությունը չի կարող բաղձանքների կամ կամայական մտածողության վրա հիմնվել։ Քաղաքական կուսակցությունների իրական դիրքորոշումները պետք է հենվեն հարցերի լուծման համար առաջադրված ռազմավարությունների վրա, այլ ոչ թե դրանց հռչակման ու դրանք «պահանջելու» վրա։ Մարդ կարող է իրեն լավ զգալ առավելագույնը պահանջելուց. ո՞վ չի ուզում լավ զգալ։ Սակայն այդ երբվանի՞ց լավ զգալը դարձավ ժողովրդի ու պետության ապագայի վերաբերյալ իմաստուն որոշումների ու քաղաքականության հիմնավոր չափանիշ։ Մենք պատմությա՞ն միջով ենք առաջ ընթանում, թե՞ գինետան։

Այս «լավ զգալու» խնդիրները՝ ավելի շատ հող ենք ուզում, ամեն բան ենք ուզում, մենք հաղթել ենք և ուրեմն կարող ենք ուզել այն, ինչ ուզում ենք՝ արդեն բավական ժամանակ է մթագնում են իրական հարցերը։ Եվ դրա՛նք են մեզ հասցրել այս պահին, երբ փոփոխությունը կատարվել է՝ չնայած ստատուս քվոն պահպանելու մեր ցանկության և չնայած «ոչ մի թիզ հող» կարգախոսի, և այդ փոփոխությունը կատարվել է մեր ողջ համակարգի բուն հիմքում, այն մարդկանց հետ, ովքեր պետք է բնակեցնեին պետությունը և այդ բնակչությամբ արդարացնեին պետության գոյությունը։
Այդ ղեկավարները Հայաստանի պետականության վերջին մնացորդներին իրենց հասցրած վնասի համար պատասխան են տալու պատմության առջև։

Արտագաղթի առնչությամբ առնվազն մեկ շռնդալից տարբերություն է առանձնացնում առաջին վարչախմբին և դրա հաջորդներին. արտագաղթը մեզ համար հիմնախնդիր էր, որը պետք էր լուծել. մինչդեռ հաջորդների համար այն կարծես ինչ-որ հարցի կամ հարցերի լուծում է:

Այնպիսի մի պատասխանատու դիրք զբաղեցնող այր, ինչպիսին Հայաստանի այսօրվա վարչապետն է, վերջերս մի հայտարարություն արեց, որի իմաստն այն էր, որ արտագաղթը դրական գործընթաց է, քանի որ այն նվազեցնում է դժգոհ քաղաքացիների շարքերը, որոնք կարող են «հեղափոխության» հնարավոր մասնակիցներ դառնալ: Մարդ զարմանալիորեն չի զարմանում նրա ասածի դրսևորած տրամաբանության և ամենակարևորը՝ պարզամտության կամ, ինչպես ոմանք են բնութագրում՝ պետական այրի դրսևորած ցինիզմի վրա։ Ի վերջո, սա լուսաբանում է մեկ տասնամյակ կամ ավելի գուրգուրված քաղաքական այն մշակույթը, որը հանդուրժում է նման անհեթեթություն՝ չասելու համար ազգային դավաճանություն, ինչպես նաև դրսևորում է անհուսորեն տհաս վարչախմբի էությունը, որը կառուցված է խաղաղ ցուցարարների դիակների վրա, որոնց վրա զինված ուժերը կրակ արձակեցին՝ ամենայն հավանականությամբ երկրորդ նախագահի հրամանով կամ առնվազն նրա գիտությամբ։

Առանց նույնիսկ հասնելու Երկրորդ համաշխարհային պատերազմի հեռուները՝ նշելու համար բազմաթիվ ռեժիմների կատարած վայրագություններն իրենց իսկ քաղաքացիների նկատմամբ (որոնցից կարելի է հիշատակել միայն մի քանիսը՝ հրեաներին ու գնչուներին Եվրոպայում, չեչեններին և այլոց ԽՍՀՄ-ում), անհնար է չհիշել կես միլիոն ինդոնեզացիների սպանությունը, որոնք «կոմունիստների նկատմամբ իրենց համակրանքի» պատճառով սպառնալիք համարվեցին այդ երկրի զինվորականության կողմից, կամ երկու միլիոն կամբոջացիներին, որոնք սպանվեցին իրենց սեփական Կարմիր խմերների կառավարության կողմից, որովհետև նրանց, իբրև քաղաքաբնակների, սոցիալական դիրքն անբարենպաստ էր կառավարության գաղափարախոսության համար։

Իսկ ինչո՞ւ այս համատեքստում չխոսել մեկ միլիոնից ավելի հայերի մասին, որոնք սպանվեցին Օսմանյան կայսրությունում՝ այն պատճառով, որ որպես անմիջական կամ հետագա սպառնալիք էին ընկալվում ռեժիմի և Թուրքիայի ապագայի վերաբերյալ այդ երկրի ղեկավարների ունեցած պատկերացման համար։

Ես, իհարկե, Հայաստանի ներկա ղեկավարներին չեմ մեղադրում ցեղասպանության մեջ։ Եվ սակայն այս գործընթացների միջև ընդհանրությունն, այնուամենայնիվ, ակնբախ է։ Եթե կարող ես այնպես անել, որ քո ընդդիմությունն անհայտանա, կարող ես հուսալ, որ իշխանությունդ կերկարի։ Երևում է՝ Հայաստանի վերջին շրջանի առնվազն մի քանի ղեկավարներ փորձել են ապահովել ռեժիմի փաստացի կամ հնարավոր ընդդիմախոսների «ինքնատեղահանումը» իբրև նրանց վնասազերծելու մի ձև՝ մեկ առ մեկ, խումբ առ խումբ, դանդաղ, բայց հետևողական կերպով։ Բացի այդ, արտագաղթածները հավանաբար դրամական փոխանցումներ կկատարեն նշանակալի թվով ազգաբնակչության համար. այդ ղեկավարների համար աշխատուժի արտահանումը կարծես թե նույնպես լուծում է։

Եվ սակայն քանակական փոփոխությունը վերածվում է որակական փոփոխության, և համապատասխան ձևով փոխակերպվում է նաև պատմությունը, ինչպես նկատել է ժամանակին իմաստուն մի փիլիսոփա։ Ճակատագրական այն փոփոխությունը, որը կարող է փոխակերպել պատմությունը, անպայման չէ, որ հանկարծահաս վիթխարի աղետի հետևանք լինի. շատ ավելի հաճախ այն աստիճանաբար կուտակվող փաստերի արդյունք է, որոնք հանգեցնում մեկ կամ մի քանի աղետի և, որ ավելի կարևոր է՝ հարցերի լուծման մեջ այլընտրանքների խիստ սահմանափակման: Այստեղ տեղին է հիշել վերջին այն ծղոտի մասին հայտնի պատմությունը, որը ջարդեց ուղտի մեջքը: Եվ Հայաստանից ի՞նչ կմնա Հայաստանում։ Ի՞նչ կնշանակի Հայաստան և ո՞ւմ համար։

Չեմ ցանկանում այս միտքն իր տրամաբանական ավարտին հասցնել այս պահին։ Դա խիստ ցավոտ է։ Նաև հույս ունեմ, որ դեռ այդտեղ չենք հասել։ Հույս ունեմ, որ դեռ ժամանակ կա մինչև Հայաստանի և նրա քաղաքացիների խնդիրը ևս մեկ անգամ նվազեցվի և հասցվի գոյապահպանման աստիճանի, ուր միակ բանը, որ արժեք ունի, ողջ մնալն է, ուր կյանքի և կոլեկտիվ գոյության որակը նշանակություն չունեն, ուր մոռացված են մշակույթն ու գիտությունը, ուր, ամեն բանից վեր, չկան քաղաքացիներին արժանի իրական ընտրանքներ, և ուր արժանապատիվ կյանք ունենալու միակ ընտրանքը կա՛մ բատրակի կարգավիճակով մնալն է, կա՛մ իրերը կապելն ու հեռանալը: Մի խոսքով՝ կարո՞ղ ենք պատկերացնել այնպիսի Հայաստան, որը սոսկ ինչ-որ թեմայի նվիրված պուրակ չէ սփյուռքի զբոսաշրջիկների համար, Դիսնեյլենդի ոճի տարածք չէ, որը կառավարվում է իբրև կորպորացիա։

Իմ մտահոգությունը որևէ մեկ որոշակի նախագահի կամ վարչախմբի ընկալումը չէ։ Յուրաքանչյուրն ունեցել է իրեն հատուկ սխալներն ու պակասությունները: Ես մտահոգ եմ ավելի այն հիմնական տրամաբանությամբ, թե յուրաքանչյուր ղեկավարի և յուրաքանչյուր վարչախմբի համար ո՛րն է շարժիչ ուժը կամ գաղափարը, և որոնք են դրանից բխող քաղաքականության հեռահար հետևանքները, որոնք այլապես կարող են անմեղ մի բան թվալ:

Ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարները հասկանան, որ իրենց առջև պատմական կարևորության հիմնախնդիր է ծառացած, որը կարող է և հայոց պետականության վերջին մարտահրավերը լինել, և որ սա նույնքան լուրջ պատասխանատվություն է, որքան երբևէ որևէ հայի վրա ծանրացած պատասխանատվություն։ Արևմտյան Հայաստանը կորցրել ենք: Ղարաբաղն իր գոյությամբ կախված է Հայաստանից՝ չնայած շատերի այն պնդումներին, թե Ղարաբաղն ավելի անհրաժեշտ է Հայաստանին, քան Հայաստանը՝ Ղարաբաղին: Հայաստանը հասնում է կամ արդեն իսկ գտնվում է ծայրագույն կետում։ Հասկանում եմ, որ հեշտ չէ ճիշտ որոշումը կայացնել, երբ ռեժիմը չափազանց մեծ կախվածության մեջ է տարբեր խմբերի փոխհանգուցված շահերից։ Իսկ այդ խմբերից շատերի համար, ինչպես պատահում է նաև ուրիշ երկրներում, հասարակության ավելի մեծամասշտաբ շահերը և պետության հեռահար կարիքները նշանակություն չունեն։ Ժամանակն է, որ Հայաստանի ներկայիս նախագահը որոշի, թե ինքն արդյոք գերհարուստ կլանի՞, թե՞ հպարտ մի ժողովրդի ղեկավարն է. ժողովուրդ, որը նաև իմաստուն է և իր պատմությունն ավելի լավ է հասկանում, քան անխոհեմաբար միայն ղեկավարին օժանդակող որոշ գաղափարախոսներ, օլիգարխներ և որոշ խիստ մտավորական, սակայն անողնաշար պաշտոնյաներ։ Ժամանակն է, որ Հայաստանի ռեժիմի ղեկավարները հասկանան, որ իրենց ուսերին է հիմնական պատասխանատվությունն այն ամենի, ինչն այժմ գտնվում է կործանման եզրին։

Ժամանակն է, որ այս ղեկավարները հասկանան, որ վերջին տասնամյակի սոցիալական ու տնտեսական քաղաքականությունները տապալվել են, որ ուժի ու կապիտալի աճող մենաշնորհումը հասցրել է փակուղու, և որ այն վճռական ու դժվարին որոշումները, որոնք պետք է կայացվեն, որպեսզի Հայաստանը նոր ուղու վրա դրվի, չեն կարող կայացվել՝ առանց բաց ու արդար ընտրական գործընթացների միջոցով օրինական իշխանությունների ընտրությունը հնարավոր դարձնելու։ Այլևս դժվար է պատկերացնել, թե մեր առջև ծառացած խնդիրը հնարավոր է լուծել առանց ազատորեն ընտրված իշխանությունների, որոնք կարող են ընդունել անհրաժեշտ դժվարին որոշումները և, դրանով հանդերձ, վայելել ժողովրդի օժանդակությունը։ Ժամանակն է կրկին հույս տալու այն մարդկանց, ովքեր մնում են Հայաստանում և գերադասում են մնալ։

Հայաստանը ոչ առաջին, ոչ էլ վերջին երկիրն է, որի առջև նման խնդիրներ են ծառացած, դրանց թվում և արտագաղթի խնդիրը։ Սակայն տարբերությունն այն է, որ մինչ ուրիշները կարող են իրենց թույլ տալ ուշացնել լուծումները և տևական կորուստներ կրել, հայերն ու Հայաստանն ի վիճակի չեն իրենց նման շռայլություն թույլ տալու։

Ժամանակն է, որ սփյուռքի ղեկավարներն ու մենք՝ մնացածներս, վերագնահատենք մեր ռազմավարություններն այն հարցում, թե ինչ և ինչպես անել Հայաստանում։ Գիտեմ, որ բազմաթիվ կազմակերպություններ նվիրված են Հայաստանում ու Ղարաբաղում կյանքի պայմանների բարելավման գործին։ Եվ սակայն սփյուռքի ողջ օգնությունն ի զորու չի եղել հակադրվելու Հայաստանում իրականացվող այն քաղաքականությանն ու գործընթացներին, որոնք քաղաքացիներին խրախուսում են լքելու երկիրը։

Ժամանակն է, որ սփյուռքահայերից նրանք, ում Հայաստանի իշխանությունները նախագահից մինչև նախարարներ ու դատավորներ ականջ են դնում, պաշտպանեն հարգված արժանապատվությամբ քաղաքացիներով Հայաստանը պահպանելու դատը:

Ժամանակն է հատկապես, որ նրանք, ովքեր սփյուռքում ու Հայաստանում Ցեղասպանության ճանաչումն ամենաառաջնահերթ հարցի են վերածել, որոշեն, թե արդյո՞ք այս պահին ավելի կարևոր է այն, որ ԱՄՆ կամ որևէ այլ երկրի նախագահ գործածի Ցեղասպանություն տերմինը, թե՞ այն, որ Հայաստանում մի գյուղ բավարար ենթակառուցվածք ձեռք բերի, որպեսզի գյուղացիները կարողանան կանգուն տնտեսություն ստեղծել, ինչը նրանց համար իրենց սեփական երկրում մնալն ավելի տանելի կդարձնի, քան Սիբիր արտագաղթելը։

Խնդիրն ահա ա՛յս աստիճան պարզ է։

Հավանաբար, պատմաբանի գործը չէ հետևյալ հարցը հնչեցնելը, սակայն թույլատրելի է Հայաստանով ու հայությամբ մտահոգ հային։ Եթե հնարավոր լիներ Ցեղասպանության որևէ զոհի հարց ուղղել, թե ի՞նչն ավելի տևական ու գոհացնող տուրք կլինի իր նահատակության դիմաց. մի պետության կողմից ցեղասպանության ճանաչո՞ւմը, թե՞ պատմական Հայաստանի մնացորդների վրա մի գյուղի կյանքը՝ ի՞նչ կլիներ նրա պատասխանը։ Ի վերջո, զոհը գիտի, թե ինչ է պատահել իրեն, իր ընտանիքին, ինչպես են իր գյուղը կամ քաղաքը, իր ժողովուրդն ստիպված եղել հեռանալու, և նրա առաջնային խնդիրն այս փաստերի հաստատումը չի լինի: Կասկած չունեմ, որ նա կգերադասի, որ մենք կենտրոնանանք նրա վրա, որ ապահովենք անկախ Հայաստանում մահվան շեմին հայտնված գյուղին կենսական օժանդակության ցուցաբերումը, որպեսզի այն ծաղկի կրկին:

Ի՞նչ պատճառով է, որ չենք ուզում գիտակցել, որ 1860-ականներից մինչեւ 1914 թ. Արևմտահայաստանի հայաթափման հիմնական գործոններից է եղել այդ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական պայմանների ահռելի վատթարացումը։ Լավ կլինի մեր ավանդական կուսակցություններն ուսումնասիրեն իրենց իսկ ծննդյան պայմանները։ Թե՛ Հայաստանում՝ Խորհրդային ու անկախ, և թե՛ սփյուռքում պատմաբաններն այդ աշխատանքն արել են։ Եզրակացություններն են բացակա։

Այստեղ բարձրացված հարցերը վերաբերում են ոչ միայն այն առաջնայնություններին ու անհրաժեշտություններին, որոնք, իմաստուն լինելու դեպքում, պետք է վերանայենք, այլ նաև մեր առկա առաջնայնությունների միջև եղած հարաբերակցությանը, մեր հարևանների հետ հակամարտությունները լուծելու մեր կարողությանը և, վերջապես, Ցեղասպանությունը հենց Թուրքիայի պետությանը ճանաչել տալուն ուղղված քաղաքականությանը: Այս հարցերը հազվադեպ ենք բարձրացնում, մեր վարած քաղաքականությանը դժվարությամբ ենք քննադատաբար մոտենում. դրանց վերաբերվում ենք իբրև ի վերուստ տրված փաստի:

Սա կոչ է՝ ուղղված Հայաստանի ղեկավարներին և սփյուռքի կազմակերպություններին ու կուսակցություններին, որ վերանայեն իրենց առաջնայնություններն ու ռազմավարությունը՝ նկատի ունենալով Հայաստանի ու Ղարաբաղի մարդաթափման տեսանելի վտանգի վերը կատարված վերլուծությունը: Սա նաև իմ գործընկերներին՝ մտավորականությանն ու գիտաշխատողներին ուղղված հրավեր է, որ իրենց ավանդը բերեն այս քննարկման մեջ և բարձրացնեն հանրային բանավեճի մակարդակը:

Պատմաբանները հաճախ պնդում են, որ իրենք հասել են գիտության բարձր մակարդակի, քանի որ գործ ունեն երկար ժամանակ տևած հասարակական զարգացման բնույթի ու հետևանքների ըմբռնման արվեստի հետ։ Քաղաքական գործիչները ղեկավարում են հասարակական այդ զարգացումը:

Գոյություն ունի՞ հայ ժողովրդի պատմության մի ուսանող կամ քաղաքական մի ղեկավար, որը հայոց պետականության գոյության համար որևէ այլ հարց ավելի կարևոր է համարում, քան Հայաստանի ու Ղարաբաղի հայաթափման հարցը։ Եվ հնարավո՞ր է արդյոք այդ հարցը տարանջատել Հայաստանի արտաքին ու ներքին գործերի կառավարումից։

Մենք բաց թողեցինք հարևանների հետ մեր հարցերը լուծելու և տարածաշրջանային զարգացումներին մաս կազմելու հնարավորությունները. զարգացումներ, որոնք կարող էին Հայաստանում տնտեսական ու սոցիալական առաջընթաց հաստատել և նպաստել տարածաշրջանում ավելի լայնածավալ եռուզեռի և այդ պետությունների անկախության մակարդակի բարձրացմանը։ Հարգանքի արժանի որևէ տնտեսագետ գոյություն ո՞ւնի արդյոք, որը կարծում է, թե մեկուսացված ու շրջափակված Հայաստանը կարող է կայուն զարգացում ապահովել, որը կխթանի Հայաստանում աճող եռանդն ու տաղանդը: Չնայած պայմաններին ու չնայած ուղեղների ու տաղանդի արտահոսքին, Հայաստանն ի վիճակի է իր ժողովրդին հնարավորություն տալու պատշաճ ու անվտանգ կյանքով ապրելու, ապահովելու իրենց զավակների կրթությունն ու առողջությունը, արվեստ, մշակույթ ու գիտություն կերտելու և տարեց քաղաքացիներին արժանապատիվ կյանքի հնարավորություն ընձեռելու։

Կային մարդիկ, ովքեր կարծում էին, թե հնարավոր էր Հայաստանում կայուն զարգացում հաստատել ու ապահովել, որովհետև հավատում էին, որ Հայաստանն ուրիշ էր, որ այն կարող էր հաղթահարել շրջափակումներն ու մեկուսացումը՝ այն հույսով, թե տնտեսական կայուն զարգացման համար հարկ եղած միջոցները սփյուռքը կներդներ։ Նրանք պնդում էին, որ սփյուռքին բավարարելու համար ընդամենը հարկավոր էր, որ Հայաստանի կառավարությունը որդեգրեր Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը, որը հատուկ կարևորություն ունի սփյուռքի համար։ Եվ պատահեց այնպես, որ 1998 թ. առաջին նախագահն ստիպված եղավ հրաժարական տալու։ Եկան նոր նախագահ ու նոր վարչախումբ։ Նրանք 10 տարի ունեին իրենց վարկածը գործարկելու համար։ Իսկ այժմ մենք երկրորդ նախագահի կողմից տեղավորած երրորդ նախագահի պաշտոնավարության երրորդ տարում ենք։ Պարզ չէ՞ միթե, որ հեռանկարային իմաստով շատ ավելի վատ վիճակում ենք այսօր, քան վերջին քսան տարվա ընթացքում երբևիցե։

Շատ դժվար է վերջին երկու վարչախմբերի մեջ պետականության մարտահրավերի առնչությամբ դրական որևէ նոր որակ գտնելը։

Եթե երրորդ նախագահն այլ վերլուծություն ունի, մենք այն չենք տեսել, թեև նա որոշ անսովոր քայլեր կատարել է։ Սակայն այսօր ոչ թե որոշ քայլեր են անհրաժեշտ, այլ մի ամբողջ ռազմավարություն, որն ընդունում է Հայաստանի պետականության և Ղարաբաղի առջև ծառացած հիմնախնդրի ծավալն ու խորությունը։ Եվ հարկավոր է գործել դրան համապատասխան՝ ի շահ իր ղեկավարած պետության, ի շահ այն ժողովրդի, որին ցանկանում է առաջնորդել, և որի անվտանգությունը պարտավոր է ապահովել։ Հայաստանի ու Ղարաբաղի համար զարհուրելի կլինի, եթե երրորդ նախագահը պատմության մեջ մտնի իբրև մեկը, որն ավարտին հասցրեց անպատասխանատու քաղաքականության շղթան, որն սկսվել էր արդեն իր նախորդով: Երրորդ նախագահը կարող է դառնալ այն ղեկավարը, ով ժամանակի ընթացքում շտկում է իր նախորդի քաղաքականությունը, նույնիսկ եթե այդ շտկման համար պահանջվի այն համակարգի կազմաքանդումը, որին ինքը մաս է կազմել, և որը իր պաշտոնն արժենա։

Գիտեմ, որ սփյուռքում կան մարդիկ, ովքեր հույսները կտրել են Հայաստանից իբրև պետությունից և հետ վերադարձել դեպի սփյուռքահայի ինքնության այն սահմանումը, որի պահպանման համար հայոց պետության կարիքը չկա։ Սրա համատարած դառնալու հնարավորությունը կարող է անխուսափ լինել՝ նկատի առնելով սփյուռքացման մեր երկար պատմությունը։ Եթե հայերից ոմանք գոհ են որևէ այլ երկրում սոսկ էթնիկ համայնք կազմելուց, կարելի է հասկանալ։ Բայց դա այլ պատմություն է. նման ինքնասահմանումը կառուցված կլինի եկեղեցու, մշակութային որոշ ինստիտուտների, երևակայված ընդհանուր անցյալի շուրջ, որը հեշտությամբ կարելի է հարմարեցնել յուրաքանչյուր երկրի էթնիկ համայնքի տեղական կարիքներին, և հրաշալի խոհանոցի շուրջ։

Սակայն դա էթնիկ համայնքների պատմությունն է, ոչ թե ժողովրդի կամ պետության։ Եթե ազգային ինքնասահմանմամբ հնարավոր լիներ տևականորեն պահպանել ինքնությունը, հիմա հայկական սփյուռքն իր թվաքանակով մոտ հարյուր անգամ ավելին կլիներ, քան այսօր է։

Ի վերջո՝ հիշենք, թե առնվազն երկու դար շարունակ որքան ուժեղ էին մեր «ազգային» կառույցները Պոլսում, որքան ուժեղ էին այդ կառույցները Հալեպում, հետո Բեյրութում, և չմոռանանք Փարիզն ու Բոստոնը, իսկ հիմա՝ Լոս Անջելեսը։ Դեռ չեմ խոսում միջնադարյան Արևելյան Եվրոպայի ու հարավային Ռուսաստանի գաղութների մասին, ուր նույնիսկ քաղաքներում մեր ուրույն սահմանադրությունն ունեինք:

Գուցե ոմանց համար ժողովուրդն ու պետությունը նշանակություն չունեն. դա նույնպես անհատների կողմից կատարած ընտրանքների հանրագումար է։ Կարելի է հասկանալ, որ Հայաստանի ամայացումն իբրև մեծագույն խնդիր տեսնելու գիտակցական կամ անգիտակցական դժկամությունը կապված է սփյուռքայնացման գործընթացին. սփյուռքն իր սահմանմամբ իսկ այն մարդկանց կամ նրանց սերունդների բազմությունն է, ովքեր ժամանակին հեռացել են իրենց հայրենիքից և գտնվում են իրենց իբրև հայ ինքնասահմանման փոխակերպման ընթացքում, որոնք ըստ ամենայնի պաստրաստ չեն հետ վերադառնալու: Կարելի է հասկանալ, սակայն նման վարքն արդարացված չէ, եթե մարդ ներգրավված է իր ժողովրդի ու պետության մակարդակի հարցերի քննարկման մեջ։

Նրանց համար, ովքեր Հայաստան պետությունը իրենց հայկական ինքնության համար կարևոր գործոն կամ խարիսխ են համարում, ինչն ավելին է, քան էթնիկական չափումը, ապա կասկած չպետք է լինի հայոց պետականության այս վերջին մնացորդի հայաթափման խնդրի հրատապության վերաբերյալ։

Վերջում, երբ հաջորդ դարում գրվի Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունը, մենք բոլորս պատասխանատու ենք լինելու այն ամենի համար, ինչ ասել ենք, երբ կարելի էր բան չասել, և ինչ չենք ասել, երբ հարկավոր էր ասել. ինչ արել ենք, երբ կարելի էր բան չանել, և ինչ չենք արել, երբ հարկավոր էր անել։ Այդ ժամանակ մենք կարող ենք գլխիվայր շրջել ու աղճատել փաստերն ու թվերը, ճառել ու հակաճառել։ Արդյունքը նույնն է լինելու՝ նո՛ւյնքան դաժան, որքան Ցեղասպանության արդյունքը։ Այդ ժամանակ կմնա մի խնդիր միայն. վերջին ողբերգության համար`այն մեկի, որը նոր պիտի պատահի, նոր օր նշանակել. օր, որը մեծ հանդիսությամբ ամեն տարի կնշվի ի սփյուռս աշխարհի, իսկ ապա խաղալ մեղադրելու խաղը, թե՝ ո՞վ կորցրեց Հայաստանի վերջին մնացորդը: Սակայն տարեդարձներով արդյունքը չի փոխվի:

Արդյունքը կախված է նրանից, թե ինչ ենք ներդնում պատմության մեջ այսօր՝ մե՛նք:

Մնացածն անկարևոր է դառնում։

Հուլիսի 31 , 2011 թ.
Անն Արբոր, Միչիգան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում