Ամեն տարվա բյուջեն որոշվում է տնտեսական զարգացումներից ելնելով, ու եթե մենք այս տարվա սկզբին բավականին լավատեսորեն էինք տրամադրված ու կանխատեսում էինք, որ 2020-ին էլ, 2021-ին էլ ունենալու ենք ավելի բարձր տնտեսական աճ, հետևաբար ավելի մեծ բյուջե, ապա 2020 թվականի ընթացքում պարզ դարձավ, որ մեր տնտեսությունը թե կորոնավիրուսով պայմանավորված, թե պատերազմով, չի կարող տնտեսական այն դինամիկան ցույց տալ, ինչն ի սկզբանե կանխատեսվում էր: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Ըստ այդմ, հաջորդ տարվա բյուջեն կլինի ավելի համեստ: Այսինքն կան ծախսեր, որոնք կպահպանվեն նույն մակարդակի վրա, սոցիալական ծախսերը չեն կրճատվի, այսինքն նոր ավելացումներ չեն նախատեսվի: Դրան զուգահեռ, եղած ուղղությունների մեջ պետք է կատարվեն արդյունավետության բարձրացման ուղղված միջոցառումներ»,-ասաց նա: