Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ինքը տեղեկություններ չունի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչների մասին, քանի որ, որպես կանոն, այդ բնակավայրերի բնակիչները ժամանակին տարհանվել են:

Անդրադառնալով գերիների ու դիերի փոխանակման, ինչպես նաև հրադադարի հարցին՝ Հովհաննիսյանը նշեց․

«Կուզենայի առաջին հերթին ֆիքսել մի բան, որ ինչ էլ բանակցեն, ինչ էլ պայմանավորվեն, մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որոնց վերաբերյալ հարցադրումներ և առաջարկներ մեր ԶՈՒ-ն սեղմ ժամկետում մշակում են, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող, որովհետև շատ առարկայական է, որ ունենան այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը և տեսնել խախտողին, ինչու չէ, նաև ի սկզբանե ֆիքսել, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, որ ագրեսիան սկսել է Ադրբեջանը»:

Հովհաննիսյանը խոսքով՝ արդեն մի ամիս և մի քանի օր շարունակվում է պատերազմը, սակայն կարծես բոլորի ուշադրությունից դուրս է մնացել, թե ինչպես սկսվեց այս պատերազմը։

Ինչ վերաերում է հակառակորդի կողմից ֆոսֆորային զինատեսակների կիրառության դեպքերին և դրանց հետևանքներին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ այդ ամենը ուսումնասիրվում է։

«Սակայն, օգտվելով առիթից, կուզենայի նորից փաստել, որ նախ այսօր առավոտյան Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ, օրվա ընթացքում՝ Մարտունի քաղաքի ուղղությամբ, Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել են հրետանային և հրթիռային միջոցներ, ավիացիա՝ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար: Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այս փաստի առնչությամբ և քանի որ մեզ տեսնում է նաև աշխարհը, ֆիքսել, որ Ադրբեջանը ընտրովի, շատ հաճախ գերճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը»,- ասաց նա։