TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է սիրիական Համա քաղաքում գրանցված արյունալի իրադարձությունները, որոնց արդյունքում զոհվել է մոտ 150 մարդ.
«Համայում իրականացված օպերացիաներն առաջացրել են հիասթափություն ու անհանգստություն։ Այդ օպերացիաների անցկացման ժամանակն ու մեթոդները սխալ են, մենք քննադատում ենք այդ գործողությունները։ Օպերացիայի մեթոդը սխալ է։ Անհրաժեշտ էր մտածել այն մասին, որ բնակավայրերում տանկերի ու ծանր հրետանու գործածումը հանգեցնելու էր մարդկային կորուստների։
Քանի դեռ երկրի բնակչությունը սպասում է բարեփոխումների իրականացմանը, խաղաղ մարդկանց զոհվելը ոչ մի կերպ ընդունելի չէ։ Այն ժամանակ, երբ մեր սիրիացի եղբայրները և մնացյալ իսլամական աշխարհը պատրաստվում են սուրբ Ռամադան ամսին, սկսված մասշտաբային գործողությունները, որոնք ավելի քան 100 մարդկային կյանք են խլել, տեղին չեն ու սխալ են։ Սիրիական իրադարձություններն անհանգստություն են առաջացրել նաև թուրքական հասարակությունում։
Մենք Սիրիայի ղեկավարությանը կոչ ենք անում ուժ չկիրառել սեփական ժողովրդի դեմ, բնակչությանը հնարավորություն ընձեռել խաղաղ ճանապարհով ներկայացնել իր արդար պահանջները և իրականացնել խոստացված բարեփոխումները։ Թուրքիան մշտապես աջակցելու է սիրիական ժողովրդին՝ սեփական ապագան կառուցելու հարցում»։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, ինչ մարտի կեսերին արաբական հեղափոխական ալիքը տարածվեց Սիրիայում, թուրքական կողմն ամենատարբեր մակարդակներով (նախագահ Աբդուլլահ Գյուլ, վարչապետ Ռեջեփ Էրդողան, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդան) Սիրիայի ղեկավարությանը բազմիցս կոչ է արել հրաժարվել սեփական ժողովրդի դեմ ուժ կիրառելուց և բարեփոխումներ իրականացնել։











































