Բելգիան կրկին խիստ կարանտին է մտցնում. երկրում փակվում են խանութները, բացառությամբ մթերային խանութների, դպրոցական արձակուրդը երկարաձգվում է մինչև նոյեմբերի կեսերը, սահմանները դեռ բաց են, բայց ճանապարհորդել խորհուրդ չի տրվում, և հյուր չի կարելի կանչել մեկից ավել մարդկանց:
Այս մասին ուրբաթ երեկոյան հայտարարել է Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն`համաճարակի դեմ պայքարի Համակարգող հանձնաժողովի հերթական նիստից հետո:
Նա ընդգծել է, որ երկրում իրավիճակը ծայրաստիճան ծանր է, բժշկական համակարգը ծանրաբեռնված է, բարելավում դեռ չկա, ուստի կոշտ միջոցառումներին այլընտրանք չկա:
Առողջապահության նախարար Ֆրենկ Վանդենբրուկի խոսքով, թագավորությունը սկսում է մոբիլիզացնել բժշկական կրթություն ունեցող բոլոր անձանց և հիվանդներին արդեն բուժման է ուղարկում հարևան երկրների հիվանդանոցներ: