civilnet.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քննարկմանը, եթե իրավիճակը հակամարտության գոտում չբարելավվի։ Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ հոկտեմբերին Անվտանգության խորհրդում նախագահությունից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես չեմ կարող բացառել, որ եթե իրավիճակը վատանա, Անվտանգության խորհուրդը կարող է վերադառնալ այդ խնդրին և զբաղվել դրանով։ Ինչ ձևաչափով, մենք կորոշենք»,- ասել է Նեբենզյան՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի այն հարցին, թե արդյոք Անվտանգության խորհուրդը մտադիր է բաց նիստ անցկացնել այդ թեմայով։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկու անգամ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը փակ ձեւաչափով և առանց Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցության: