Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայաստանցի ֆուտբոլիստները մեծ հաշվով արտասահմանյան ակումբների տեսադաշտում չէին։ Վերջին ամիսներին տեղի ունեցավ թերևս մեկ քիչ թե շատ նշանակալի տրանսֆեր։ Երևանի «Փյունիկի» պաշտպան Արմեն Մանուչարյանը պայմանագիր կնքեց Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Վոլգոգրադի «Ռոտորի» հետ։
Ինչևէ, վերջերս CIES Football Observatory հետազոտական կենտրոնը հրապարակել էր այն երկրների ցուցակը, որտեղից հանդես եկող ֆուտբոլիստները լեգեոներականներ են: Ըստ CIES-ի կազմած ցուցակի՝ Հայաստանից արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների թիվը 15 է: Հայաստանը 98-101-րդ տեղերում է: Ցուցակը գլխավորում է Բրազիլիան, որտեղից որպես լեգեոներ արտերկրում հանդես են գալիս 1600 ֆուտբոլիստ: Տասնյակում են նաև Ֆրանսիան, Արգենտինան, Անգլիան, Իսպանիան, Սերբիան, Գերմանիան, Կոլումբիան և Խորվաթիան: Այս ցուցակն առաջին հերթին խոսում է ֆուտբոլիստների որակի և պահանջարկի մասին։ Խոսքը վերաբերում է հատկապես փոքր երկրներին, որոնք չունեն լուրջ ռեսուրսներ, և ակումբային ֆուտբոլն այնքան էլ զարգացած չէ։
Անկախացումից ի վեր մեր գլխավոր նպատակը ֆուտբոլիստներին ավելի ուժեղ ֆուտբոլային առաջնություններ արտահանումն է, ինչը մարտունակ հավաքականներ ունենալու գրավականներից մեկն է։ Համեմատության կարգով նշենք, որ հարևան Վրաստանն այսօր ունի արտերկրում հանդես եկող 91 ֆուտբոլիստներ։ Նրանք բոլորը հանդես են գալիս ՈՒԵՖԱ-ի անդամ երկրներում։ Ավելին, այդ ֆուտբոլիստների 88 տոկոսը ելույթ է ունենում տվյալ երկրների բարձրագույն լիգաներում։ Վերջին տարիներին մատների վրա կարելի է հաշվել հայաստանցի այն խաղացողներին, որոնք տեղափոխվել են բարձրակարգ թիմեր։ Տարիներ առաջ հայ ֆուտբոլիստների որոշակի հոսք կար դեպի ռուսական և ուկրաինական թիմեր։ Ռուսաստանում լեգեոներների սահմանափակման մասին օրենքի ընդունումից հետո այս երկիր ևս մեր ֆուտբոլիստների հոսքը կտրուկ նվազեց։
Ավելի բարձր որակ ունեցող առաջնություններում էլ հայ ֆուտբոլիստների պահանջարկ ըստ էության չկա։ Որպեսզի հայաստանցի ֆուտբոլիստների որակի վերաբերյալ պատկերացումն ավելի պարզ լինի, անդրադառնանք մտահոգիչ մի իրողության։ Հայաստանի ազգային հավաքականի միանգամից 4 ֆուտբոլիստներ՝ Տիգրան Բարսեղյանը, Կամո Հովհաննիսյանը, Պետրոս Ավետիսյանն ու Արման Հովհաննիսյանը, ներկայացնում են Ղազախստանի առաջնությունը։ Ղազախական մամուլը պարբերաբար հայ ֆուտբոլիստների նոր անուններ է հնչեցնում, որոնք առաջիկայում կարող են հայտնվել այս երկրի թիմերում։ Անցյալ տարվա նոյեմբերի 28-ին Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունել էր որոշում, որի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ երկրների ֆուտբոլիստները այս երկրի առաջնությունում այլևս լեգեոներներ չեն համարվի։ Ու ինչ է տեղի ունենում այս որոշումից հետո։ Ղազախական ակումբները խոշորացույցով ֆուտբոլիստներ են փնտրում, գնում հայկական թիմերից։ Հավանական է, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականն ունենա միանգամից 10 ֆուտբոլիստներ, որոնք ներկայացնեն ղազախական ակումբները։
Ավելի վաղ ղազախական լրատվամիջոցները գրել էին, որ իրենց ակումբների ուշադրության կենտրոնում են նաև այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Ադամյանը, անցյալ տարվա վերջին «Սոչի» տեղափոխված Էրիկ Վարդանյանը: Բնական է, որ նշված խաղացողների՝ Ղազախստան տեղափոխվելը ֆանտաստիկայի ժանրից է, բայց այն, որ ղազախները առանձնակի վերաբերմունք ունեն հայ ֆուտբոլիստների նկատմամբ՝ փաստ է։
Ղազախական ֆուտբոլը հայկական ֆուտբոլի համեմատ ֆինանսապես շատ ավելի ապահովված է, բայց ասել, որ այս երկրի առաջնությունը մակարդակով շատ ավելի ուժեղ է մեր առաջնությունից, ճիշտ չի լինի։ Պարզագույն օրինակ. Թուրքիայում ձմռանն ուսումնամարզական հավաքի ընթացքում «Նոա»-ն ստուգողական խաղում 4։1 հաշվով հաղթել է Ղազախստանի բարձրագույն լիգան ներկայացնող «Կայսարին»։ Հենց այս թիմում էր անցյալ տարի ելույթ ունենում Տիգրան Բարսեղյանը, որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվեց «Աստանա»։ 2018/2019 թթ. Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում Երևանի «Փյունիկը» մրցեց «Տոբոլի» հետ։ Մեր թիմը մրցակցի հարկ տակ 2։1 հաշվով պարտվելուց հետո Երևանում առավելության էր հասել 1։0 հաշվով և ղազախական թիմին դուրս թողել պայքարից։ «Փյունիկը» այս դիմակայությունում անհամեմատ ավելի ուժեղ էր թե՛ ցուցադրած խաղով և թե՛ ներուժով։ Այս հանդիպումից անցել է մոտ երկու տարի, և թե՛ ղազախական ֆուտբոլում, թե՛ «Տոբոլում» ըստ էության ոչինչ չի փոխվել։ Ուստի կարո՞ղ ենք ասել, որ «Տոբոլն» ավելի ուժեղ է, քան «Փյունիկը» կամ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան»։ Բնավ ոչ։ Մեր գործող չեմպիոնը միանգամայն ավելի բարձր կարգ ունի։
Ստեղծված իրավիճակում, օրինակ, ամիսներ առաջ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի՝ «Արարատ-Արմենիայից» «Տոբոլ» տեղափոխությանը գնահատական տալն իրականում դժվար է։ Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստը տեղափոխվելով Ղազախստան՝ ստանում է 5-6, նույնիսկ 10 անգամ ավելի բարձր աշխատավարձ, և բնական է, որ տեղացի կադրերը առանց վարանելու ընդունում են հրավերները։