Business-Грузия-ի փոխանցմամբ՝ այս տարի Գորիում գտնվող Ստալինի տուն-թանգարան է այցելել 10,000 զբոսաշրջիկ։ Գորիի զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Նատալիա Բերիանիձեն հայտարարել է, որ տվյալ տարածաշրջանում զբոսաշրջիկների համար ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է Ստալինի տուն-թանգարանը։
Վերջինիս տնօրենի խոսքերով՝ իրենք համաձայնագրեր են կնքել 24 միջազգային զբոսաշրջային գործակալությունների հետ, ինչի արդյունքում Վրաստան են ժամանում աշխարհի 130 երկրների զբոսաշրջիկներ։
Նշվում է, որ այս տարի Ստալինի թանգարան է այցելել 10,000 զբոսաշրջիկ, ինչը 2000-ով ավելի է՝ համեմատած նախորդ տարվա հետ։
Ստալինի թանգարանի այցելուների 80 տոկոսն օտարերկրացիներն են։ Առաջին տեղում Իսրայելն է, ապա հետևում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Իսպանիան։ Զբոսաշրջիկներ են ժամանում նաև այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուանդան և Չադը։
Հիշեցնենք, որ Ստալինի տուն-թանգարանի կառուցումը մեկնարկել է 1951 թվականին։ Այնտեղ է գտնվում Ստալինի անձնական երկաթուղային վագոնը, որով նա մեկնել է Թեհրանի և Յալթայի կոնֆերանսներին։ Հյուսիս-կովկասյան երկաթուղին այդ վագոնը թանգարանին է հանձնել 1985 թվականին։










































