Պատերազմը շարունակվում է, և ադրբեջանական զինված ուժերը չեն խորշում թիրախավորելու նաև քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Մեկ ամսից ավելի շարունակվող այս պատերազմում բազում դրվագների ենք ականատես եղել, թե ինչպես է ադրբեջանական կողմը թիրախային հարվածներ հասցնում խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական նշանակության օբյեկտներին։
Այս ամբողջ ընթացքում որքա՞ն են կազմել մեր քաղաքացիական կորուստները, և ի՞նչ աշխատանքներ են տարվել․ «Առաջին լրատվական»-ի հարցին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը պատասխանեց․ «Երեկվա, այսինքն՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ, ունենք առնվազն 40 քաղաքացիական զոհ, առնվազն 125 քաղաքացիական վիրավոր։ Բայց այս թվերը նախնական են, քանի որ որոշ տեղեկություններ ունենք քաղաքացիական զոհերի մասով՝ գուցե նաև վիրավորների մասով, հատկապես ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետևանքով Հադրութի և Քաշաթաղի շրջանների որոշ բնակավայրերում, որոնք դեռևս ճշգրտման փուլում են։ Այսինքն՝ քաղաքացիական զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել։
Հաշվի առնելով ծավալը և ռազմական գործողությունների ինտենսիվությունն ու շարունակականությունը, անհնար է ճշգրիտ թվեր նշել։ Բայց մոտավոր հաշվարկներ կատարում ենք, որքան հնարավոր է՝ արձանագրում ենք՝ հստակ ապացույցներով։ Այս պահին մեր հաշվարկներով՝ մոտավոր 12 հազար բնակարան, տուն և մասնավոր այլ անշարժ գույք է վնասվել կամ ոչնչացվել ամբողջությամբ։ Մոտավոր 1700 մեքենա կամ շարժական այլ գույք է վնասվել՝ շինարարական տեխնիկա, գյուղատնտեսական տեխնիկա»։
Մանրամասները՝ տեսանյութում։