Ադրբեջանական APA լրատվական գործակալության ռազմական աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանը երկու տարվա ընթացքում կիրականացնի Ադրբեջանի տարածքում տեղակայված և Ռուսաստանի կողմից վարձակալված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) արդիականացման աշխատանքները։ Ներկայումս ՌՏ կայանում ընթանում են վերանորոգման աշխատանքներ, փոխվում են կայանի սարքավորումը, ալեհավաքները։ Այդ պատճառով ներկայումս Գաբալայի ՌՏԿ-ն աշխատում է ոչ լրիվ ռեժիմով։
Նախատեսվում է, որ նոր սարքավորումներով Գաբալայի ՌՏԿ-ի հագեցվածությունը կիրականացվի մինչև 2012 թվականը, ինչն իր հերթին կմեծացնի կայանի հնարավորությունները՝ համեմատած դասական այլ կայանների հետ։ Դրա հետ մեկտեղ, շրջակա միջավայրի վրա կայանի բացասական ազդեցությունը հասցվելու է նվազագույնի։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Գաբալայի ՌՏԿ է այցելել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, որը կայանի վարձակալության երկարաձգման կապակցությամբ բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ։











































