Կատարի կառավարությունն ափսոսանք է հայտնել մայրաքաղաք Դոհայի օդանավակայանում ուղևորներին անհարմարություն պատճառելու կամ ազատությունը սահմանափակելու համար, երբ օդանավակայանում երեխային թողած կնոջը գտնելու համար կանայք հետազոտվել են:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Կատարի իշխանությունները փնտրում են մի կնոջ, որը հոկտեմբերի սկզբին Դոհայի Համադի միջազգային օդանավակայանում էր թողել նորածին երեխային և փախել: Այս դեպքը պատճառ դարձավ, որ սրվեն Կատարի և Ավստրալիայի հարաբերություններն այն բանից հետո, երբ Դոհայից Սիդնեյ չվերթի ուղևորուհիները պատմել էին, որ առանց իրենց համաձայնության պարտադիր գինեկոլոգիական հետազոտություն են անցել օդանավակայանի մոտակայքում գտնվող շտապօգնության մեքենայում: Նույն հետազոտության են ենթարկվել նաև Կատարից այլ ուղղություններ թռչող որոշ կանայք:
«Չնայած նրան, որ շտապ ստուգման նպատակը սարսափելի հանցագործություն կատարողի փախուստը կանխելն էր, Կատարը ափսոսում է այս գործողության հետևանքով որևէ ուղևորի անձնական ազատությունների անհարմարության կամ ոտնահարման համար»,- գրված է կառավարության կայքում:
Կատարի իշխանությունները կոչ են արել թափանցիկ և համապարփակ հետաքննություն անցկացնել միջադեպի կապակցությամբ: Կառավարության հայտարարության մեջ նշվում է նաև, որ Դոհայի օդանավակայանում նորածնի հայտնաբերման միջադեպ առաջին անգամ է տեղի ունեցել: