Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը ստուգելու է իտալացի քանդակագործների խմբի՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու տեղեկատվության հավաստիությունը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը՝ մեկնաբանելով հայկական ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե հուլիսի 17-28-ը Շուշիում տեղի ունեցած «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումին մասնակցել է նաև իտալացի քանդակագործների խումբը։
Պոլուխովի խոսքերով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն իսկ հանձնարարել է Իտալիայում Ադրբեջանի դեսպանատանը ստուգել տվյալ փաստը և հաստատման դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակ սպառնում է իր «սև ցուցակում» ընդգրկել այն բոլոր օտարազգի գործիչներին (չթույլատրել նրանց մուտքը Ադրբեջան), ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ։