Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է «թեթև կարանտին» մտցնել Գերմանիայում: Այս մասին հաղորդում է Bild պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Ակնկալվում է, որ կանցլերը և 16 երկրամասերի ղեկավարները համաձայնության կգան չորեքշաբթի կայանալիք հանդիպմանը:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, նախատեսվում է, որ դպրոցներն ու մանկապարտեզները կշարունակեն աշխատել, բայց խանութները կաշխատեն սահմանափակումներով: Ռեստորանների և բարերի աշխատանքը ժամանակավորապես կդադարեցվի, մասսայական միջոցառումները կչեղարկվեն, կխստացվի ծերանոցներ այցելելու ռեժիմը:
Գերմանիայի կառավարությունը նշում է, որ չնայած շարունակական ջանքերին՝ կորոնավիրուսով վարակման դեպքերը շատանում են, ուստի համաճարակի տարածումը դանդաղեցնելու համար նոր միջոցներ են պահանջվում: