Այսօր` վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ, հարավ-արևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով, միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները: Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը, կոնկրետ տվյալ բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել, բայց մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Նույն ժամանակ, նախկինում նշված` Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, թողնելով մեքենաները, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են՝ Շեխեր, Ջիվանի, Ազոխ և հարակից այլ գյուղերում մարտերը շարունակվում են»,- նշեց Հովհաննիսյանը: