Այսօրվա ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ի թիվս այլ բաների, հիշել է նաև Ադրբեջանում տեղակայված թուրքական F-16 կործանիչների մասին և ակնարկել, որ դրանք կարող են օգտագործվել, եթե դրսից ինչ-որ մեկը փորձի միջամտել ղարաբաղյան պատերազմին:
«Մեր թուրք եղբայրները թողեցին դրանք՝ մեզ բարոյական աջակցություն ցուցաբերելու համար: Եվ եթե դրսից ագրեսիա լինի մեր դեմ, նրանք կտեսնեն այդ F-16-ները»,- Ալիևի խոսքերն է մեջբերում APA գործակալությունը:
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանում կա «հինգ-վեց» թուրքական F-16:
Այս ինքնաթիռները, ըստ փորձագետների, մնացել են Ադրբեջանում ամառային համատեղ զորավարժություններից հետո:
Ադրբեջանի պաշտոնատար անձինք որոշ ժամանակ չէին հաստատում կամ հերքում դրանց մասին լուրերը, բայց հոկտեմբերի 9-ին Իլհամ Ալիևը խոստովանեց, որ այդ F-16- ները գտնվում են երկրում: