Օքսֆորդի համալսարանի կողմից բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերության հետ համատեղ մշակված կորոնավիրուսի դեմ բրիտանական պատվաստանյութը փորձարկումների երրորդ փուլում տարեցների մոտ կայուն իմունային պատասխան է առաջացրել: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Financial Times-ը:
Ըստ պարբերականի աղբյուրների, տարեց մասնակիցների արյան իմունաբանական ստուգման արդյունքները կրկնում են 18-55 տարեկան քաղաքացիների՝ պատվաստանյութի ներարկումից հետո ստացված տվյալները:
«Եթե նրանք ունեն տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ պատվաստանյութը լավ իմունիտետ է առաջացնում 55+ տարիքային խմբում, և որ (պատվաստանյութի օգտագործումը) նաև ուղեկցվում է (օրգանիզմի) լավ արձագանքով նույնիսկ տարեց մարդկանց մոտ, ապա կարծում եմ, որ սա խոստումնալից նշան է»,- ասել է Նոթինգհեմի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր Ջոնաթան Բոլը:
Ինչպես նշում է պարբերականը, իմունաբանական հաջող ուսումնասիրությունները չեն երաշխավորում, որ պատվաստանյութը վերջնարդյունքում անվտանգ և արդյունավետ կլինի տարեցների համար: Դա հայտնի կդառնա միայն այն ժամանակ, երբ վերլուծվեն այս տարիքային խմբի բոլոր փորձնական տվյալները:
AstraZeneca պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը ընթացքի մեջ է Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Հարավային Աֆրիկայում, Ճապոնիայում և շուտով կսկսվի ԱՄՆ-ում: