Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտությունը սրելու քաղաքականությունից: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ԱԳՆ Պետքարտուղար Կլեման Բոնն ասել է Ֆրանսիայի հրեական համայնքի Radio Gl լրատվամիջոցին տված հարցազրույցում:
«Ֆրանսիան ձգտում է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և զինադադարի հաստատման: Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ այն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետք է ապահովել, որ որոշ ազդեցիկ երկրներ, մասնավորապես՝ Թուրքիան, դադարեն յուղ լցնել Ղարաբաղյան հակամարտության կրակի վրա, ինչը տեղի է ունենում այժմ»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: