Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հոկտեմբերի 23-ին առաջարկել է հրաժարական տալ առողջապահության նախարար Ռոման Պրիմուլային և Չեխիայում իշխող ANO կուսակցության ղեկավարի տեղակալ Յարոսլավ Ֆալտինեկին՝ վերջիններիս մասնակցությամբ սկանդալի արդյունքում:
Ուշ գիշերը չեխական «Բլեսկ» տաբլոիդի լրագրողները լուսանկարել են նախարար Պրիմուլային Պրահայի ռեստորան այցելելիս, որտեղ նա հանդիպել է Ֆալտինեկի հետ՝ տեղեկացնում է currenttime.tv-ն:
Պրիմուլան հրաժարվել է ինքնակամ պաշտոնաթող լինելուց. այս մասին նա հայտարարել է ուրբաթ օրը մամուլի ասուլիսում: Նախարարի խոսքով՝ ինքը ոչ մի սխալ կամ ապօրինի բան չի արել:
Չեխիայում աճում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը. միայն վերջին 1 օրվա ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 14 հազար վարակված: Երկրում խանութների և բիզնեսների մեծ մասի նկատմամբ գործում է արգելափակման ռեժիմ: