Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է, թե Ադրբեջանի դիմումի դեպքում Անկարան պատրաստ է զինվորներ ուղարկել այդ երկիր: Պետք է նկատել, որ այդօրինակ հայտարարությունները նոր չեն ոչ միայն Արցախի դեմ սանձազերծված ահաբեկչական պատերազմի շրջանում, այլ ընդհանրապես նաև դրանից առաջ: Ավելին, Թուրքիան դե ֆակտո արդեն իսկ զինվորներ ուղարկել է Ադրբեջան, և այդ մասին օրերս հրապարակվեց նաև ռուսական «Կոմերսանտ»-ում՝ ՌԴ դիվանագիտական-հետախուզական աղբյուրներին արված հղումով, հստակ թվերով և ժամանակացույցով, թե ինչպես է Անկարան ներգրավված Արցախի դեմ պատերազմում:
Թուրքիայի հայտարարությունները, թե Ադրբեջանի դիմումի դեպքում պատրաստ են զինուժ ուղարկել Բաքու, անկասկած ունեն քաղաքական շանտաժի նպատակ և նշանակություն: Շանտաժ թե՛ Հայաստանի, թե՛, իհարկե, Ռուսաստանի հասցեին: Մի բան աներկբա է՝ այդ շանտաժը պայմանավորված է թերևս նրանով, որ ռազմաճակատային և քաղաքական իրավիճակը Թուրքիայի և նրա գործիք Բաքվի համար այնքան էլ նպաստավոր չէ:
Շանտաժը ժամանակակից թուրքական քաղաքականության համար ոչ միայն նորություն չէ, այլև բնականոն, կենսագործունեության սովորական տարր է, և շանտաժն է մեծ հաշվով Էրդողանին բերել քաղաքական հաջողության թե՛ երկրի ներսում, թե՛ նաև արտաքին քաղաքականության ոլորտում վերջին տասնամյակի ընթացքում: Հաջողություն իհարկե այն իմաստով, որ թուրքերը մի շարք ռեգիոններում շանտաժի միջոցով կարողացել են տարբեր ուժային կենտրոնների հաշվի նստեցնել իրենց հետ և թելադրել քաղաքական պայմաններ՝ դառնալով ռեգիոնալ խաղի սուբյեկտ:
Նույն տրամաբանությամբ այժմ գործում են Կովկասում, որտեղ, սակայն, բախվել են մի շարք սկզբունքային խնդիրների՝ հայկական հուժկու դիմադրության տեսքով և դրանից բխող նաև քաղաքական այլ հանգամանքներով:
Որտեղ է կտրվելու թուրքական շանտաժի թելը: Սա ներկայումս դառնում է թերևս ժամանակակից աշխարհաքաղաքականության սկզբունքային և որոշիչ հարցերից մեկը, որի պատասխանն այժմ տալիս է հայկական բանակը առաջնագծում՝ կտրելով այդ թելը: