Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ՝ հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
«Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն սկսվել էր նախապատրաստվել դեռևս պատերազմից առաջ, ենթադրաբար այն պետք է կայանար հոկտեմբերի սկսզբին, սակայն իրադարձությունները զարգացան այլ կերպ, և նախարարը չէր կարող երկարաժամկետ այցերով որևէ տեղ լինել»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ տեսակապով զրույցում ասաց Վրաստանի «Ալիք մեդիա» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:
«Ես վստահ չեմ, թե ԱՄՆ գործող ադմինիստրացիան որևէ լուրջ նախաձեռնություն է ուզում ունենալ Թուրքիային զսպելու հարցում: Ավելին՝ աքցանով էինք բառեր հանում գործադիրի բերանից՝ ԼՂ հարցի վերաբերյալ, առաջին օրերին լռություն էր, ավելի ուշ հունաստանյան այցի ժամանակ պետքարտուղար Պոպմեոն ճեպազրույցում ընդամենն ասաց՝ մենք հետևում ենք գործընթացներին: ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հայտարարություններին միացավ, բայց Սպիտակ տունը որևէ լուրջ ջանք դնելու մասին հայտարարություն չարեց: Ես կփորձեի ավելի իրատես լինել և չակնկալել, թե այս այցով զինադադարը կարող է մեծ հավանականություն ունենալ:
Ի սկզբանե նախատեսվում էր արտգործնախարար Մնացականյանի այցը, տեղի է ունենալու հայ ամերիկյան ռազմավարական գոծընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում: Բայց Ադրբեջանը, հաշվի առնելով պատերազմը, կարողացավ իր արտգործնախարարի համար նույնպես հանդիպում ապահովել Պոմպեոյի հետ:
Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն չափազանց կարևոր է, բավականին խիտ գրաֆիկով է աշխատելու, հանդիպումներ է ունենալու և՛ առաջատար լրավամիջոցների հետ, և՛ քաղաքական ու փորձագիտական շրջանակների հետ, ինչպես նաև, բացի Պոմպեոյից՝ այլ պաշտոնյաների հետ»,- նշեց Խառատյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: