Լուրեր
Նման ձևակերպումներ տալը նշանակում է ջուր լցնել ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին․ պատգամավորը՝ Սերժ Սարգսյանի մասին
  • 16:01
  • 2020-10-21
  • Դիտումներ՝ *

Ես կարծում եմ, որ այն իրավիճակում, երբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթանում Արցախում, նման ձևակերպումներով հարցազրույցներ տալն անպատեհ է, ում կողմից էլ դա լինի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ «The Independent»-ին տված հարցազրույցին, որտեղ նա մեղադրանքներ է հնչեցրել այսօրվա իշխանությունների հասցեին՝ ասելով, որ իր հաջորդը չգնաց այն ճանապարհով, որով իրենք հաջողությամբ ընթանում էին երկար ժամանակ:

«Սա անպատեհ է առավել ևս Սերժ Սարգսյանի կողմից, ով հենց ինքն է եղել բանակցողը և շատ լավ տեղյակ է այն բոլոր քննարկումներին, որոնք եղել են իր ղեկավարման տարիներին: Շատ լավ տեղյակ է, թե ինչ ժառանգություն է թողել ներկայիս իշխանություններին, ինչ իրավիճակում է թողել: Բայց սա այն փուլն է, որ ամեն տեսակ քննարկում համարում եմ ավելորդ, դրա համար երկար չեմ ցանկանա անդրադառնալ դրան»,-ասաց նա:

Պատգամավորի համոզմամբ, այսօր ստեղծված իրավիճակի պատճառները պետք է փնտրել ոչ վաղ անցյալում. «Ադրբեջանը այս պատերազմին պատրաստվել է 1994-ի մայիսից սկսած, հրադադարը կնքելու հաջորդ օրը: Դա հասկանալու համար բավարար է կարդալ Ադրբեջանի ներկայիս նախագահի հոր՝ Հեյդար Ալիևի կոչերն ու ելույթները, երբ նա փորձում էր զինադադարը մատուցել այնպես, որ սա Ղարաբաղյան առաջին պատերազմի ավարտն է: հետագա տարիներին, Սերժ Սարգսյանը թող լավ հիշի, եթե այդքան փայլուն բանակցող է, ինչու մարտական գործողությունները վերսկսվեցին 2016-ի ապրիլին և ինչ ձևով դրանք կասեցվեցին: Ինքն այս հարցերի պատասխանը գիտի շատ ավելի լավ, քան ցանկացած այլ մարդ այս երկրում»,-ընդծեց «Իմ քայլի» պատգամավորը:

  • Դիտումներ՝ *