Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իշխանությունները կակտիվացնեն իսլամիստների դեմ պայքարը՝ հոկտեմբերի 16-ին Փարիզի մերձակայքում ուսուցչի սպանությունից հետո, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ավելի վճռական միջոցներ կձեռնարկենք նրանց դեմ, ովքեր փորձում են քանդել հանրապետության հիմքերը… Իշխանություններն ակտիվ պայքար կծավալեն արմատական գաղափարախոսության կրողների և նրանց ստեղծած ասոցիացիաների դեմ»,- ասել է Մակրոնը:
Հոկտեմբերի 16-ին մարդասպանը գլխատել է պատմության ուսուցիչ Սամուել Պաթիին, որը դասի ժամանակ ցույց է տվել մահմեդական մարգարե Մուհամեդի ծաղրանկարները: Սպանությունը տեղի է ունեցել դպրոցի մոտ, Փարիզի մերձակայքում, Քոնֆլան-Սենթ-Օնորին կոմունայում: Հարձակվողը գնդակահարվել է ոստիկանության կողմից: