Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողներին ասաց, որ ՀՀ ԱԳ նախարարի՝ ԱՄՆ կատարելիք այցը շատ կարևոր է։
«Շատ կարևոր է նրանով, որ այսօր երեք համանախագահներից առավել ակտիվ են Ռուսաստանը, Ֆրանսիան, որովհետև հրադադարի երկրորդ փորձը փորձում էր առաջ տանել ֆրանսիական կողմը։ Եվ հիմա ամերիկյան կողմի միանալն էլ կարևոր է։ Այսինքն՝ մենք պետք է գիտակցենք, որ տվյալ պարագայում օրակարգում մեկ հարց է երեք համանախագահների մոտ էլ՝ որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ այդ հրադադարը պաշտպանվի, իրականացվի։ Եվ պատահական չէ, որ փակ քննարկումը, որը եղավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, այդ քննարկումը դրան էր ուղղված, որպեսզի երաշխավորված լինի, չլինի, որ անընդհատ հայտարարվում է այսինչ ժամից հրադադար ու խախտվում է»,- ասաց Շավարշ Քոչարյանը։ Նա նշեց՝ երեք համանախագահներն ունեն մեկ մանդատ, այն է՝ իրենք նպաստեն, որ կողմերը փոխզիջումների միջոցով հասնեն ընդհանուր հայտարարի։