ՌԴ Դաշնության խորհուրդն անվանել է Արցախում ռուսական հակաահաբեկչական գործողություն իրականացնելու պայմանը: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սենատորի խոսքով, Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին՝ կապված հակամարտությանը սիրիացի զինյալների ենթադրյալ մասնակցության հետ: Կոսաչյովը նշել է, որ պետք է գնահատել նաև նման գործողության հետ կապված վտանգն ու ռիսկերը: Միաժամանակ նա շեշտել է, որ Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ որևէ կանխատեսում անելը դեռ վաղ է:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանն իրավունք ունի արձագանքել Արցախում օտարերկրյա զինյալների հայտնվելուն: Նրա խոսքով, Արցախում ջախջախված խմբավորումների անդամներն անցնում են ՌԴ, քանի որ նրանց համար Ռուսաստանը թշնամի է, ինչպես և Հայաստանը: Նա հնարավոր է համարել, որ ՌԴ կառավարությունը կամ հատուկ ծառայությունները քննարկում են «հենց տեղում, ինչպես նաև Արցախում, հակաահաբեկչական գործողություն իրականացնելու» հնարավորությունը: