Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 18-ին հանդիպել են Արցախ ժամանած Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորների հետ։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիային, դրանում Թուրքիայի ընդգրկվածությանը և վերջիններիս հովանավորությամբ ահաբեկչական խմբավորումների՝ տարածաշրջան ներթափանցմանը վերաբերող թեմաներ:
Հյուրերը մտքեր են փոխանակել Եվրոպային սպառնացող թուրքական վտանգի, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և հնարավոր փոխգործակցության մասին: Անդրադարձ է կատարվել նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծմանը՝ այն որակելով որպես նպատակային վանդալիզմ: