
Ադրբեջանը, կրկին խախտելով մարդասիրական զինադադարի պայմանավորվածությունը, վերահաստատում է, որ իր համար որևէ արժեք չունեն մարդկային կյանքներն ու իր զինծառայողների մարմինները: Այս մասին գրառում է կատարել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Որևէ արձագա՞նք Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի այս նոր խախտման վերաբերյալ: Կարծես այս երկիրը թքած ունի մարդկային կյանքերի և զինծառայողների մարմինների վրա»,-նշել է Բեգլարյանը սոցիալական ցանցում՝ կիրառված հեշթեգերով կոչ անելով չլինել կույր, ճանաչել Արցախի անկախությունը:
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Ադրբեջանական կողմը, հերթական անգամ խախտելով պայմանավորվածությունը, հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։
Հոկտեմբերի 18-ի առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը Արցախի առաջնագծի հարավային ուղղությամբ անցել է հարձակման, երկուստեք կան զոհեր: Վաղ առավոտյան հակառակորդը հարձակումն իրականացրել է հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)` բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով: