Լուրեր
Հարավային Կովկասն այսօր պահում է հայ զինվորը. Ռուսաստանն այս իրավիճակից դասեր կքաղի

Արդեն մի քանի օրն է Ադրբեջանը խախտում է հումանիտար նպատակներով հրադադարի պայմանավորվածությունը: Ինչո՞ւ չաշխատեց հրադադարի պայմանավորվածություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ քաղաքագետ Հայկ Սուքիասյանը նշեց, որ այն չաչխատեց պանթյուրքական դարավոր ավանդույթի հիման վրա՝ պայմանավորվել և առաջինը խախտել պայմանավորվածությունը: «Իսլամական իրավունքի մեջ նորմ կա, որի համաձայն՝ պայմանավորվածությունները, միջազգային պայմանագրերը իսլամական ժողովրդի համար գործում են այնքան ժամանակ, քանի դեռ իսլամական ժողովուրդը չի կուտակել բավարար պոտենցիալ, որ այդ պայմանավորվածությունները խախտի… Հավանաբար հաշվի են առել նաև ուժերի բալանսը: Մարդասիրական ակցիան չի իրականանում. պետք է հաշվի առնել նաև այն, որ դիմացինը հակամարդ է»,- նշեց Հայկ Սուքիասյանը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ եթե Ալիևը դադարեցնի պատերազմը, կստանա պատերազմ իր երկրի ներսում: «Պատկերացրեք ինչ սգի մթնոլորտ կտիրի Ադրբեջանում հումանիտար դադարից հետո. Ալիևն իլյուզիա ունի այդ պահը հետաձգել: Հենց որ դադարեցրեց, ասելու են՝ ինչո՞ւ սկսեցիր պատերազմը, ինչո՞ւ Ղարաբաղը մերը չէ: Ալիևը չունի դրա պատասխանը: Ադրբեջանը կրակելու է, մինչև նրան չստիպեն չկրակել»:

Անդրադառնալով Ռուսաստանից եկող ազդակներին՝ Սուքիասյանը նշեց, որ Ռուսաստանը կայսրություն դառնալու հայտ է ներկայացրել, և այսօր  նրա խոսքը, նրա պայմանավորվածությունը գետնով է տրվում Ալիևի կողմից, և եթե Լավրովին չեն լսում, ՌԴ պաշտպանության նախարարին էլ չեն լսելու: «Ռուսաստանը, լինելով մեզ դաշնակից, չպետք է հավասարակշռություն պահպանի և բալանսավորված քաղաքականություն չպետք է վարի: Ռուսաստանը պարտավոր է մեզ լավ զինել՝ ամենավերջին զենքերով, որ մենք առավելություն ունենանք: Մեզ զինում են այնքան, որ կռվենք՝ արնաքամ լինելով, ու Ռուսաստանը փրկչի դերով գա Հայաստան: Ռուսները ձևացնում են, թե վտանգը չեն հասկանում: Հարավային Կովկասը, որ համարվում է Ռուսաստանի փափուկ որովայն, այսօր պահում է հայ զինականը: Սրանից անուղղակիորեն օգտվում է նաև Ռուսաստանը»,-ասաց Սուքիասյանը:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ մեր տարածաշրջանում միայն Հայաստանի և Ադրբեջանի շահերը չեն, բազմաթիվ շահեր են բախվում: «Այստեղ բախվում են Ռուսաստանի և Թուրքիայի, Ռուսաստանի և Արմուտքի, Թուրքիայի և Իրանի շահերը և այսպես շարունակ:

Պատերազմով մեկնարկ դրվեց մի պրոցեսի, որի առաջին քայլերն արված են. Թուրքիայի հետ կապված այլևս որևէ մեկը իլյուզիաներ չունի: Այսօր տեսնում ենք, որ ԵՄ-ում կոչեր են հնչում, որ Թուրքիային պետք է ենթարկել պատժամիջոցների և խզել մաքսային միությունը ԵՄ-ի և Թուրքիայի միջև: Սա նշանակում է, որ պետք է տապալել Թուրքիայի տնտեսությունը, որը սնուցում է թուրքական պատերազմները: Կանադան դադարեցրել է ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ, Սաուդյան Արաբիան էմբարգո է դրել թուրքական ապրանքների ներմուծման վրա, ԱՄՆ-ն այսօր ուղղակիորեն դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությունը այս պատերզամին և կոչ է անում վերջ տալ միջամտությանը և չխոչընդոտել խաղաղ բանակցային գործընթացը»,- նշեց Մեհրաբյանը՝ ընդգծելով, որ այնուամենայնիվ, շատ բան որոշվելու է մարտի դաշտում:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *