Իրաքը շարունակում է մնալ մի երկիր, որը շատ վտանգավոր է այնտեղ աշխատելու համար: Այսպիսի եզրակացության է եկել Իրաքի վերականգնման հարցերով ԱՄՆ հատուկ տեսուչ Ստյուարտ Բոուենը իր եռամսյակային զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ Իրաքի իրավիճակն այժմ ավելի բարդ է, քան մեկ տարի առաջ: Ավելի հաճախ են հարձակումներն ու սպանությունները, շիա գրոհայիններն ավելի հաճախ են հարձակումներ կազմակերպում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նշվում է նաև, որ 15 ամերիկացի զինվորականներ զոհվել են Իրաքում, ինչն ամենամեծ թիվն է վերջին երկու տարիների վիճակագրության մեջ: Բոուենը զեկույցում շեշտել է, որ հաճախակիացել են Բաղդադի ամենապաշտպանված շրջանի՝ «կանաչ գոտու» ռմբակոծությունները: Այստեղ են գտնվում կառավարական շենքերն ու օտարերկրյա ներկայացուցչությունները:











































