Իսրայելական Mig News կայքի փոխանցմամբ՝ աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հուլիսի 29-ի գիշերը հայտարարել է, որ Իսրայելը պետք է փոխզիջման գնա Թուրքիային, հակառակ դեպքում ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակ) զինվորներին ու սպաներին սպառնում են հետաքննությունն ու դատական հայցերը։
Հենց այդ պատճառով Իսրայելը պետք է Թուրքիայից ներողություն խնդրի թուրքական «Մավի Մարմարա» նավի գրավման համար, որը նախորդ տարի փորձել էր ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը։
Բարաքը մանրամասնել է. «Պետք է ներողություն խնդրել ոչ թե շրջափակման կամ էլ նավատորմի գրավման համար, այլ՝ նավի գրավման ռազմական գործողության ժամանակ թույլ տված սխալների համար։ Մենք իսկապես ցավում ենք դրանց համար։ Ինձ դա ընդհանրապես դուր չի գալիս։ Սակայն այնքան էլ վատ չի լինի, եթե Իսրայելն ընդունելի հարաբերություններ ունենա Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանում են գտնվում անկայուն Եգիպտոսը, նյարդային Սաուդյան Արաբիան և թշնամական Իրանը։ Բացի այդ, դա կպաշտանի ՑԱԽԱԼ-ի զինվորականներին»։
Նշվում է, որ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը շարունակում է անթույլատրելի համար Թուրքիայից ներողություն խնդրելը։
Հիշեցնենք, որ ներկայումս թուրքական կողմը հայտարարել է, որ եթե Իսրայելը ներողություն չխնդրի Թուրքիայից, ապա Էրդողանը գործի է գցելու իր «Բ» պլանը, որը կազմված է երեք բաղկացուցիչ մասերից.
ա) իրավական պայքար – Թուրքիան «Մավի Մարմարա»-ի միջադեպի ժամանակ իսրայելցի զինծառայողների գործողությունների դեմ դիմելու է միջազգային դատարան։
բ) երկկողմանի հարաբերություններ – Թուրքիան պատրաստվում է նվազեցնել Իսրայելի հետ դիվանագիտական շփումները՝ ընդհուպ մինչև հարաբերությունների խզում։ Թուրքիան կարող է չընդունել Իսրայելի նորանշանակ դեսպանին։ Հարված կհասցվի նաև թուրք-իսրայելական տնտեսական հարաբերություններին։
գ) Գազայի հատված – Եթե Իսրայելը չվերացնի Գազայի հատվածի շրջափակումը, ապա Թուրքիան պատրաստվում է միջազգային բոլոր հարթակներում քաղաքական պայքար մղել Իսրայելի դեմ։











































