Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Կա Պուտին-Էրդողան փոխհամաձայնություն․ Թուրքիան կարող է զիջումներ անել Իդլիբում և պահանջել զիջումներ Լեռնային Ղարաբաղում»

«Ահաբեկիչներին և վարձկաններին Թուրքիան բերել է Սիրիայից և Լիբիայից։ Ռուսաստանը Սիրիայում ունի գերիշխող դիրքեր, իսկ Լիբիայում՝ ռազմական լուրջ ներկայություն։ Այսինքն՝ Ռուսաստանը կանխավ չի խոչընդոտել Թուրքիային, որ հավաքագրի այդ ահաբեկիչներին ու գործուղի Ադրբեջան։ Հետո ամբողջ աշխարհը դատապարտում է Թուրքիային, բայց չգիտես՝ ինչու, չնայած որ Թուրքիան, փաստորեն, ռուսական գերազդեցության տարածք համարվող Անդրկովկաս է ներխուժում, ոչ մի թթու, կծու խոսք Ռուսաստանի կողմից․․․ Պուտինի համար ի՞նչ կա։ Պուտինը որպեսզի մեր դաշնակիցը դառնա՝ նախ պետք է դաշնակիցը լինի սեփական, այսինքն՝ ռուս ժողովրդին։ Միմիայն թալանում է, երկիրն է թալանում, կոռուպցիան, Աստված գիտի, երկինք է հասել․․․»։

Ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ մեր ճանաչված թուրքագետներից Հակոբ Չաքրյանի հետ քննարկում էինք Թուրքիայի նախագահի՝ տարածաշրջանային ագրեսոր, նեոօսմանիստ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանին, որի ընթացքում նա հերթական անգամ հոխորտացել էր Հայաստանի հասցեին՝ ասելով, թե «Հայաստանը Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման ամենամեծ խոչընդոտն է», մեր զրուցակիցը «Առաջին լրատվական»-ի զրույցում ասաց, որ Էրդողանի Թուրքիան, ըստ էության, տանուլ է տվել իր արտաքին քաղաքականությունը՝ օտարվելով թե՛ Եվրամիությունից և թե՛ տարածաշրջանից, և նույնիսկ եթե նա հավակնություններ ունի ուղղակիորեն մասնակից դառնալու Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնախնդրի կարգավորման գործընթացին, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, միևնույն է, «Թուրքիան չի կարող Մինսկի եռանախագահողների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների գլխի վրայով թռնել ու միջամտել Ղարաբաղի հարցին»։ Բայց անցավ ընդամենը մի քանի օր, և սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի ողջ երկայնքով։ Եվ ինչպես հետո պիտի պարզվեր՝ հարձակվող հրոսակախմբի մեջ ընդգրկված էին ոչ միայն ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, այլև հուլիսի վերջին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների պատրվակով Ադրբեջան բերված թուրքական զինվորական անձնակազմը, թուրքական զինտեխնիկան և օդուժը, ինչպես նաև թուրքական իշխանությունների կողմից հովանավորվող և տարածաշրջանի տարբեր կոնֆլիկտային օջախներում, մասնավորապես՝ Սիրիայում, Լիբիայում օգտագործված ու թրծված իսլամիստ ահաբեկիչները։

Ինքը՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, նույն օրը հայտարարեց, որ Արցախի դեմ կռվում է ոչ թե (կամ ոչ միայն) Ադրբեջանը, այլ Թուրքիան։ Սա խիստ հատկանշական ու չափազանց կարևոր հայտարարություն էր, որն, ըստ էության, կանխազգուշացնում է ղարաբաղյան կոնֆլիկտի թե՛ ռազմական և թե՛ դիվանագիտական բաղադրիչների էական փոփոխության՝ վերամոդելավորման, միջազգայնացման ու տարածաշրջանային ավելի լայն հակամարտության վերաճելու վտանգի մասին։ Եվ եթե ընդամենը մեկ շաբաթ առաջ իսկապես իրատեսական չէր թվում Անկարայի պրակտիկ մասնակցությունը Մինսկի խմբի բանակցային պրոցեսին, ապա հիմա, երբ Մերձավոր Արևելքում վաղուց համագործակցող Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկում են «լարվածության աճը Լեռնային Ղարաբաղի շուրջ», «լուրջ մտահոգություն են արտահայտում» շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ՝ հաստատելով իրենց «պատրաստակամությունը սերտորեն համակարգել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուտափույթ խաղաղ բանակցային ընթացքը վերականգնելու հարցում», ապա այս կոնֆլիկտում Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ ուղղակիորեն հակամարտող Թուրքիայի մուտքը բանակցային գործընթաց՝ ընդ որում Մոսկվայի թողտվությամբ, ամենևին էլ ֆանտաստիկ մի բան չի թվում։

Եվ դատելով տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Մոսկվայի անատամ ու անհասցե հայտարարություններից՝ Հակոբ Չաքրյանը չի բացառում, որ Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարներն իսկապես կարող են ինչ-որ դավադրական պայմանավորվածություն ունենալ Արցախի վերաբերյալ, և Պուտինն ու Էրդողանը փորձում են հերթական անգամ մանրադրամ դարձնել հայկական հողերը իրենց աշխարհաքաղաքական մեծ խաղերում՝ ինչպես արեցին ռուսաստանցի բոլշևիկներն ու թուրք քեմալականները սրանից ուղիղ 100 տարի առաջ, և Հայաստանի պատմության ողբերգական այդ էջը սկսվեց հենց թուրքական զորքերի հարձակումից՝ անկում ապրող Հայաստանի Հանրապետության դեմ։

Ի դեպ, քանի որ նոր-օսմանիստ, օսմանյան արյունարբու սուլթանների՝ Մեհմեդ Ֆաթիհի, Սելիմ Ահեղի, ինչու չէ՝ Աբդուլ Համիդի արժանի հոգեզավակ Էրդողանը իր ծավալապաշտական քաղաքականության մեջ մեծ դեր է հատկացնում պատմությանն ու սիմվոլիկային, վստահաբար ոչ պատահականորեն Արցախի դեմ վերջին ագրեսիան սկսվեց գրեթե նույն օրերին, ինչ 1920 թվականին սկսվել էր Քյազիմ Կարաբեքիրի գլխավորած զորքերի հարձակումը Հայաստանի դեմ։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/456/25/4562507.jpg

Այսպիսով, թեմայի շուրջ «Առաջին լրատվական» զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

– Պարոն Չաքրյան, հիմա, երբ Թուրքիան ուղղակիորեն միջամտեց ղարաբաղյան կոնֆլիկտին՝ որպես հակամարտող կողմ, Մինսկի խմբի եռանախագահները, Ձեր կարծիքով, կպատժե՞ն նրան դրա համար։ Եվ կարո՞ղ ենք արդյոք արձանագրել, որ այս պատերազմն այս անգամ Էրդողանն է հրահրել։

– Էրդողանը՝ չեմ կարծում, բայց Պուտինը կարող էր հրահրել։ Ինչ վերաբերում է թուրքերին պատժելու հարցին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներակայացուցիչ Զախարովայի կամ Կրեմլի խոսնակի՝ Պեսկովի վերջին հայտարարությունները որ նայում ենք՝ ընդամենը խոսում է կրակին յուղ չլցնելու, արկածախնդիր դիրքորոշում չորդեգրելու, մտածելու զինադադարի, հաշտության հաստատման մասին, և այլն։ Այս կարգի բաներ է ասում Ռուսաստանը։ Բայց ոչ մի անգամ նույն Զախարովան չի նշել, որ այնտեղ կան ահաբեկիչներ, կան թուրքական ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռներ, ահաբեկիչներին Թուրքիայից են գործուղել Ադրբեջան։ Դա շրջանցում են ողջամտորեն։ Միայն վերջին՝ եթե չեմ սխալվում Ռուսաստանի արտգործնախարարության այսօրվա հայտարարության մեջ էր նշված, այն էլ ընդամենը նշված էր, որ անընդունելի են Ադրբեջանում ահաբեկիչների ու վարձկանների տեղակայումը։ Ու նորից չի նշվում՝ ինչպե՞ս են այնտեղ հասել, ո՞ւմ միջոցով են տեղակայվել։ Այսինքն՝ Թուրքիային ահավոր խնայում են։

– Զախարովան կոնկրետ ասել է, թե «Սիրիայից զինյալներին ԼՂ հակամարտության գոտի ուղղորդելու մասին լուրերը մտահոգիչ են»։ Դրան կարող ենք գումարել նաև Իրանի արտգործնախարարության հայտարարությունը։

– Այո՛, բայց դե Թուրքիայի անունը չի տվել։

– Այսինքն՝ պիտի տա՞ր անպայման։ Պարզ չէ՞, որ Թուրքիային է հասցեագրված։

– Չէ, եթե տեղակայել է՝ ո՞վ է տեղակայել։ Առանց դա ասելու՝ ուրեմն խնայում ես Թուրքիային։ Իսկ թուրքական F-16-ների մասին, որ մի հատ չեն, արդեն ամբողջ աշխարհն էլ գրել է, բացարձակ չեն հիշատակում նույնիսկ։ Ընդ որում, այդ ահաբեկիչներին և վարձկաններին Թուրքիան բերել է Սիրիայից և Լիբիայից։ Այդպես չէ՞։ Ռուսաստանը Սիրիայում ունի գերիշխող դիրքեր, իսկ Լիբիայում՝ ռազմական լուրջ ներկայություն։ Այսինքն՝ Ռուսաստանը կանխավ չի խոչընդոտել Թուրքիային, որ հավաքագրի այդ ահաբեկիչներին ու գործուղի Ադրբեջան։ Ընդ որում, չէր կարող չիմանալ այդ մասին ռուսական հետախուզությունը։ Աչք է փակել։ Հետևաբար, այստեղ կարելի է ենթադրել, որ կա Պուտին-Էրդողան փոխհամաձայնություն։

– Հենց դա էի ուզում հարցնել։
– Ես դրանում չեմ կասկածում։

– Այսինքն՝ նման է 1920 թվի սցենարի՞ն։ Ընդ որում, հաշվի առնենք, որ հարձակումն էլ սկսել է 1920 թ․ թուրք-հայկական պատերազմի սկսվելու օրը։ Չէ՞ որ Էրդողանը խորհրդանշականություն շատ է սիրում։

– Այո՛։ Հետո ամբողջ աշխարհը՝ ամերիկյան սենատորները, ֆրանսիացի խորհրդարանականները, Սերբիան, այլ երկրներ, նույնիսկ՝ Հարավային Օսիան դատապարտում են Թուրքիային, բայց չգիտես՝ ինչու, չնայած որ Թուրքիան, փաստորեն, ռուսական գերազդեցության տարածք համարվող Անդրկովկաս է ներխուժում, ոչ մի թթու, կծու խոսք Ռուսաստանի կողմից և քար լռություն նրա ձեռնարկումների մասին, ինքնաթիռների մասին՝ նույնպես։

– Այո՛, F-16 կործանիչները։ Բայց դրա մասին մեկ ամիս առաջ էր հայտնի, որ բերել և թողել էին Ադրբեջանում։

– Նորն էլ են ուղարկել։ Սեպտեմբերի 27-ին Habertürk-ը հատուկ թողարկում էր հեռարձակում՝ նվիրված այդ բախումներին, Ադրբեջանի հարձակմանը։ Ավելի ճիշտ՝ ասում էին, թե «Հայաստանն է ագրեսիա ձեռնարկել Ադրբեջանի վրա»։ Այնտեղ Ստամբուլի համալսարանի մի պրոֆեսորի հետ խոսում էին, և մասնակիցներից մեկն ասաց՝ «ո՞նց մենք չունենք․ մենք ինքնաթիռ էլ ունենք, ուղղաթիռներ էլ ունենք և 6000 միավոր անօդաչու սարքեր ենք նվիրել»։ 6000 միավոր (!): Նվե՛ր (!)։ Անվճար (!)։ Ասաց՝ «ամեն ինչ էլ ունենք»։ Մեկ ուրիշը՝ մի լրագրող, գրել էր, որ «ինչպե՞ս թե չենք ուղարկել գրոհայիններ ու վարձկաններ Ադրբեջան։ Դա Էրդողանի մարտավարությունն է։ Ինչո՞ւ Սիրիայից վերցնի՝ Լիբիա ուղարկի, այստեղ-այնտեղ ուղարկի (կարծեմ՝ Եմեն էլ է ուղարկել), իսկ Ադրբեջան չուղարկի։ Դա նրա մարտավարությունն է»։ Այսինքն՝ թուրքերն անգամ, լրագրողները խոստովանում են դա, իսկ Մոսկվան՝ մեր դաշնակիցը, հայ-ռուսական ռազմավարական համագործակցության պայմանագրից բխող, նաև 1997 թ․Բարեկամության և համագործակցության մասին մեծ պայմանագրից հետո մեր նկատմամբ այդպես արհամարհական դիրքորոշում է ցույց տալիս։

– Պարոն Չաքրյան, այսինքն՝ Դուք կարծում եք, որ Մոսկվան հիմա դրական չեզոքությո՞ւն պահպանում թուրքական այս գործողությունների նկատմամբ։

– Դա մե՛ր դեպքում է չեզոքություն, Թուրքիայի դեպքում աջակցություն է։

– Դրա համար ասում եմ՝ դրական չեզոքություն Թուրքիայի համար։

– Այո՛, Թուրքիայի համար։ Մեզ համար համար դրական չէ։

– Ամեն դեպքում, Դուք շատ կարևոր բան եք ասում, ընդ որում՝ խոսում եք այն վարկածի մասին, որը միշտ էլ «օդից կախված է եղել» ու հավանական սցենարներից մեկն է, ընդ որում՝ վատագույն սցենարներից մեկը մեզ համար։ Ասում եք՝ պայմանավորվածություն։ Ի՞նչ պայմանավորվածության մասին է մոտավորապես խոսքը, եթե հաշվի առնենք այն, որ այս օրերին ռուսաստանցի գործիչները անմիջապես հրապարակ նետեցին Լեռնային Ղարաբաղ ռուսաստանցի խաղաղապահներ ուղարկելու հարցը։ Որքանո՞վ այն կարող է նման լինել 1920-21 թթ․ սցենարին և մոտ լինել մեզ հայտնի «Լավրովի պլանին»։

– Ասեմ․ Habertürk-ի սեպտեմբերի 27-ի հաղորդմանը այդ հարցն էլ էին քննարկում։ Օրինակ՝ ասվեց, որ Թուրքիան կարող է Իդլիբում զիջումներ անել Ռուսաստանին և պահանջել Մոսկվայից, որ նա էլ ստիպի Հայաստանին՝ զիջել Լեռնային Ղարաբաղում։

– Բայց դրա համար, նախ, պիտի կարողանան հայկական զինուժին ստիպել։ Այդպես չէ՞։
– Հասկանալի է։ Դա իրենց տեսանկյունից է ասում։ Բայց սակարկել կարող է Մոսկվան նաև Լիբիայում։ Եթե Լիբիայում ռուսներն ուզում են, ինչպես Սիրիայում, ռազմաբազաներ տեղակայել՝ մեկ ռազմածովային և մեկ ռազմաօդային, ապա Լիբիայում էլ թուրքերը որոշ չափով կարող են օգնել։

– Ուրեմն կրկին ուզում են մեր հողերը մանրադրամ դարձնել մեծ աշխարհաքաղաքականության։ Այդպե՞ս է ստացվում։

– Դե․․․ Պուտինի համար ի՞նչ կա։ Պուտինը որպեսզի մեր դաշնակիցը դառնա՝ նախ պետք է դաշնակիցը լինի սեփական, այսինքն՝ ռուս ժողովրդին։ Միմիայն թալանում է, երկիրն է թալանում, կոռուպցիան, Աստված գիտի, երկինք է հասել, համարվում է աշխարհի ամենահարուստ լիդերը։

– Ոչ պաշտոնապես՝ աշխարհի ամենահարուստ մարդը։ Խոսում են մոտ 200 և ավելի մլրդ դոլար կարողության մասին։

– Կարող է ունենալ։ Եթե 500 էլ ասեք՝ ես չեմ զարմանա։ Քանի տարի է՝ թալանում է երկիրը։ Ռուսաստանն էլ յուղոտ պատառներ շատ ունի։ Այսինքն՝ սակարկել այդ հարցերում նա կարող է։ Իհարկե, ես վստահ չեմ կարող ասել՝ սակարկել է, թե չի սակարկել, բայց հնարավոր է, որ սակարկի։

– Արցախի նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ մեր դեմ կռվում է Թուրքիան։ Որքանո՞վ եք հավանական համարում կամ դեպքերի ինչպիսի՞ զարգացման պարագայում, որ Թուրքիան ուղղակիորեն ռազմական հարձակում գործի Հայաստանի վրա արևմուտքից։ Եվ այդ դեպքում ի՞նչ դիրք կզբաղեցնի մեր պայմանական դաշնակիցը։ Զսպող դեր կխաղա՞։

– Մեզ պաշտպանի՞։

– Այո՛, զսպող դեր կխաղա՞, թե՞ կթողնի ամեն ինչ, այսպես  ասած, բախտի քմահաճույքին։

– Մեր դաշնակիցը մեզ պաշտպանելուց առաջ, նախ, պետք է պաշտպանի Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում, որը ավանդաբար համարվում է ռուսական գերազդեցության տարածք։ Դա է առաջնահերթը, որովհետև Հայաստանը կորցնելու դեպքում Կովկասից կվտարվի։ Իսկ եթե Կովկասից վտարվեց՝ կարող է բախվել չեչենական երկրորդ պատերազմին, որի դեպքում հետևանքները անկանխատեսելի կլինեն։ Առաջինի փորձից ելնելով՝ Արևմուտքը, Միացյալ Նահանգները այլ կերպ կվարվեն հավանաբար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում