Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր, 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների հետ ունեցած հանդիպումից հետո հերթական հայտարարությունն է տարածել։ Այն հասցեագրված է եղել թուրքական պետությանն ու Հյուսիսային Իրաքում բազավորված PKK-ի ղեկավարությանը։
Օջալանը նշել է. «Իմ անելիքը վերջացավ։ Այսուհետ, եթե ցանկանում են, որ իմ դերակատարությունը շարունակվի, ապա անհրաժեշտ է ապահովել առողջ, անվտանգ և ազատ տեղաշարժման ոլորտ»։
Օջալանը զգուշացրել է նաև Իրանին, որը վերջին շրջանում լայնամասշտաբ ռազմական գործողություններ է վարում PKK-ի իրանական թև հանդիսացող «Քրդստանի ազատ կյանք» կուսակցության (PJAK) դեմ.
«Իրանը վտանգավոր խաղ է խաղում։ Թուրքիան դա չի հասկանում։ Իրանը կանգ չի առնի ձեռք բերածով։ Քրդերից հետո, Իրանը սկսելու է ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա, քանի որ Իրանը գտնվում է տարածաշրջանում Իսրայելի չափ գերիշխանություն ունենալու նախաշեմին։ Թուրքիան սա չի հասկանում, վտանգավոր խաղ է խաղում»։
Հիշեցնենք, որ երեկ էլ PKK առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հայտարարել է, որ PJAK-ի դեմ իրանական բանակի գործողությունները լրջորեն մտահոգել են PKK-ի ղեկավարությանը. «Եթե Իրանն ուղղակիորեն սպառնա մեզ, ապա մենք կդադարեցնենք Թուրքիայի դեմ պատերազմը և PJAK-ի հետ մեկտեղ հարձակում կգործենք Իրանի վրա»։
Ի դեպ, հուլիսի 23-ին իրանական բանակը հատել էր իրանա-իրաքյան սահմանը և 4 կիլոմետր խորությամբ առաջ շարժվել։ Չպետք է մոռանալ, որ PKK ճամբարները գտնվում են հենց Հյուսիսային Իրաքում։











































