Այս պատերազմը ոչ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների, ոչ 2020 թվականի հուլիսի տավուշյան դիրքային գործողությունների հետ համեմատել չի կարելի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։
«Համեմատության մեջ կարելի է ասել՝ մեր զինվորի ըմբոստ ոգին է, դիմացկունությունն ու տոկունությունը, գիտակից վերաբերմունքը՝ իր առջեւ դրված խնդիրը հմուտ կերպով իրականացնելու համար։ Յուրաքանչյուր մարտական գործողություն իր առանձնահատկությունն ունի եւ ռազմական թատերաբեմի մեջ, եւ մասշտաբներով, եւ սպառազինության, ռազմական տեխնիկայի ընդգրկմամբ։ Այս մարտական գործողությունները բավականին ծավալուն են, լայնամասշտաբ են, ընդգրկված է Պաշտպանության բանակի Արցախի Հանրապետության ամբողջ սահմանային հատվածները. մարտական գործողությունները, հարձակողական գործողությունները, շեղող գործողություններն ամբողջ սահմանով են ընթանում։
Այս մարտական գործողությունները նաեւ առանձնանում են նրանով, որ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են իրենց զինանոցում ունեցող ողջ սպառազինությունը, բոլոր զորամիավորումների եւ բոլոր զորամասերի ուժերը։ Այդ գործողություններն առանձնանում են նաեւ հակառակորդի կողմից կիրառվող կրակային միջոցների խտությամբ, ինչպես նաեւ ՊԲ-ի կողմից կրակային խոցման հակազդմամբ կամ կանխարգելմամբ»,- ասաց գեներալ-գնդապետը։