Լուրեր
Լրագրողները թիրախավորվել են, երբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց՝ քանի միջազգային լրատվամիջոց է հավատարմագրվել

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խստագույնս դատապարտում է Արցախի քաղաքային բնակավայրերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ և օտարերկրյա լրագրողների թիրախավորումը: Այս մասին հոկտեմբերի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այսօր թուրք-ադրբեջանական թիրախում հայտնվել են հայաստանյան և օտարերկրյա լրագրողներ և դա արվել է ժամեր անց այն բանից հետո, երբ ԱԳՆ-ն հայտարարեց, թե որքան մեծ արձագանք կա միջազգային լրատվամիջոցների կողմից` լուսաբանելու համար այս հակամարտությունը:

Արցախի Մարտունի շրջանում այցելություններից մեկի ժամանակ վերջիններս հայտնվել էին կրակի ներքո, երբ Ադրբեջանը հերթական անգամ սկսել էր ուժ կիրառել քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ:

Ֆրանսիական Le Monde թերթի լրագրողներից մեկը ստացել էր ծանր վիրավորում, վերջինս վիրահատվել է Արցախի հիվանդանոցներից մեկում և արցախյան կողմն արդեն իսկ հրապարակայնացրել է իր մտադրությունը` կազմակերպել լրագրողի տեղափոխումը Հայաստան:

Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ, սիստեմատիկ թիրախավորումը` հրետանու և այլ ծանր զինտեխնիկայի կիրառմամբ, այդ թվում նաև լրագրողների թիրախավորումը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում: Նման գործելաոճը խստագույնս դատապարտելի է»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը հավելեց, որ Արցախի Մարտունու շրջանում աշխատանքներ իրականացրած լրագրողներն ունեցել են հատուկ տարբերանշաններ և արտահագուստ, թիրախավորվել են նաև նրանց տեղափոխող մեքենաները:

«Մեր նախարարության կողմից հավատարմագրվել են ավելի քան 50 միջազգային առաջատար լրատվամիջոցների լրագրողական թիմեր, մոտ 200 լրագրողներ, որոնցից մեծամասնությունը` մոտ 100-ից ավելի լրագրողներ, արդեն իսկ աշխատում են Արցախում»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Մանարամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *