Լուրեր
Թուրքիան պետք է անհապաղ լքի տարածաշրջանը, չմտնի այս հակամարտության մեջ
  • 21:27
  • 2020-10-01
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

– Հրապարակվել է եռանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը. ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, առանց նախապայմանների վերադարձ բանակցային սեղանի շուրջ: Ավելի շատ ո՞վ է այս հայտարարության հասցեատերը:

– Ես կարծում եմ՝ այս հայտարարությունը մի քիչ ուշացած է, թեև համարում եմ, որ լավ սկիզբ է, և տեսնում եմ, որ դա շարունակական պրոցեսի առաջին ակորդն է, այդ առումով դրական եմ գնահատում, ինչ վերաբերում է կրակը դադարեցնելուն, մեղմ ասած, դժվար է կրակը դադարեցնել, երբ քո տան վրա կրակում են, իսկ մեր տան վրա այս պահին կրակում են: Վստահ եմ, որ մեր գործընկերները դա շատ լավ հասկանում են:

– Այսինքն՝ առաջին քայլ անողը մենք չենք, սա հստակ է:

– Մենք չէ, որ հարձակվել ենք:

– Ես դիտում էի Ադրբեջանի նախագահի ուղիղ կապը ռուսական թոք-շոուի հետ, և ինձ զարմացրեց նրա այդպիսի բացահայտ սուտը:

– Ադրբեջանի նախագահը այլևս չի տիրապետում իրավիճակին, մենք ճիշտ կարծիք ունենք և ճիշտ ենք արձանագրել այն փաստը, որ սա այսուհետ հայ-թուրքական բախում է, նույնիսկ կատակ է պտտվում համացանցում, որ Թուրքիան Հայաստանի հետ պատերազմելու է մինչև վերջին ադրբեջանցին, և սա իրողություն է: Կարծում եմ Ալիևը զիջել է իր երկրի ինքնիշխանության մի մասը, որպեսզի պահպանի իր իշխանությունը երկրում, և ինքն իրեն դրել է շատ վատ կացության մեջ, ուստի Ադրբեջանի նախագահի հայտարարությունները այսօր այդքան էլ դեր չեն խաղում, մենք պետք է նայենք մեծ խաղացողների արձագանքին, մենք պետք է նայենք մեր զինվորականների աչքերին, մենք պետք է նայենք մեր գործողություններին և հույսը դնենք միայն մեզ վրա՝ դուրս չթողնելով նաև դիվանագիտությունը, որտեղ նույնպես պետք է հույսը դնենք միայն մեզ վրա, և մեր զինվորի, մեր քաղաքացու, հայերիս վրա պետք է հույսը դնենք:

– Ենթադրենք վերադառնում ենք բանակցային սեղանի շուրջ, ո՞ւմ հետ ենք բանակցելու:

– Շատ լավ հարց է, ում հետ ենք բանակցելու, և որքանով այդ բանակցողը կներկայացնի իրական կողմին, որովհետև եթե մենք բանակցենք Ադրբեջանի հետ, իսկ Թուրքիան կրկին Ադրբեջանին դրդի նոր քայլերի, ապա այդ բանակցությունները զրո արդյունք կունենան:

– Դրա համար հարկավոր է այնպիսի պարտության մատնել, որ Ադրբեջանը մոռանա այդպիսի քայլի մասին. փորձագետների գերակշռող մասը այսպիսի կարծիք է հայտնում:

– Միանշանակ համաձայն եմ: Այս պահին մենք պետք է արձանագրենք հետևյալը՝ արդեն հինգ օր է երկու երկիր՝ համատեղ ուժերով, արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով լայնածավալ հարձակում են իրականացնում, յուրաքանչյուր զինվորական տրամաբանություն ցույց է տալիս, որ երբ դու նման հարձակում ես իրականացնում, կրում ես մեծագույն կորուստներ և որևիցե շոշափելի հաջողության չես հասնում, դա պետք է բերի ավելի թուլացման գոնե խոսակցականի առումով, իսկ մենք տեսնում ենք հակառակ պրոցեսը, կարծում եմ՝ դա կատաղություն է մեր դիրքի, մեր դիմադրողականության բարձր աստիճանի պատճառով, որը իրենք չէին սպասում:

– Կարծում եք՝ իրենք չունեի՞ն այդ հաշվարկը, որ եթե հայերին հայրենական պատերազմ են պարտադրում, ուրեմն ամբողջ հայությունն է ոտքի կանգնելու:

– Այդ երկրների ծախսված գումարներն ու քանակը, որ դնում ես նժարին, մենք պետք է վաղուց պարտված լինեինք, բայց չկա նման բան: Ես հիմա չեմ ուզում որոշ բաներ ասել, որը ասելու իրավունք չունեմ, բայց փորձեմ մի փոքր փակագծերը բացել. նրանք հարձակողական տրամաբանության մեջ գործում են բավականին անփույթ, գործում են տարբեր դեղամիջոցների ազդեցության տակ, բերել են գրոհայիններ, իրենց երկրում արգելափակել են համացանցը, և չգիտեմ թե այդ տրամաբանությունը ուր է տանելու, և սա մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ նախատեսված է եղել, որ պետք է բլից-կրիգով շատ մեծ հաջողությունների հասնեին, և դա մատուցեին իրենց ժողովրդին: Բայց մենք տեսանք իրենց պաշտպանության նախարարության ներկայացուցչի, այսպես ասած, կորած հայացքը լրագրողների մոտ, ինչպես նաև մամուլում տեղեկություններ տարածվեցին առ այն, որ Գլխավոր շտաբի պետը հայտարարություն է արել՝ ամեն ինչ տալիս ենք թուրքերին, մեր կանանց նույնպե՞ս պետք է տանք նրանց: Եվ նա հիմա հայտարարված է որպես ազգի թշնամի: Սա խոսում է մի բանի մասին, որ նախատեսված է եղել շատ արագ ճղել պաշտպանողական գիծը և կոնկրետ խնդիրներ իրականացնել, ոչ թե բերել օրական 2-3 ինքնաթիռ կամ տասնյակ տանկեր կամ հարյուրավոր ադրբեջանցիների ու գրոհայինների բերել լցնել սահմանին մեր կրակի տակ։ Այսօր արդեն այլևս Արցախի խնդիր չէ, այսօր ամբողջ աշխարհի խնդիրն է:

– Այսօր հանդիպեցի տեղեկատվության, որ կա առաջարկ Թուրքիայի հետ բանակցելու: Կա՞ նման առաջարկ: Դա հնարավո՞ր բան է:

– Ես տեղյակ չեմ այդ առաջարկից: Եթե մենք Թուրքիայի հետ պիտի բանակցենք, դա բոլորովին այլ խոսակցություն է: Նման հարց մեզ մոտ չի քննարկվել: Թուրքիայի հետ չպետք է բանակցել: Թուրքիայի հետ պետք է լինես այնպիսի դիրքերում, որտեղ իրավիճակի տերն ես, իսկ ինքը ամենաբարձր մակարդակով ղժղժում է: Հայ-ադրբեջանական խնդիրը այսուհետ հայ-թուրքական կոչելը ավելի ճիշտ կլինի, քանի որ Թուրքիան Ադրբեջանի ինքնիշխանության մեծ մասը վերցրել է:

– Այսինքն՝ եթե համաձայնություն կայացվի, Թուրքիայի հե՞տ պետք է կայացվի:

– Թուրքերի հետ համաձայնություն կապելը անշնորհակալ բան է, նրանք հայտնի են համաձայնությունները շրջանցելու աղվեսությամբ: Չեմ կարծում, թե նրանց հետ խոսելու բան ունենք այս փուլում, միակ խոսելու բանն այն է, որ Թուրքիան պետք է անհապաղ լքի տարածաշրջանը, չմտնի այս հակամարտության մեջ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *