Լուրեր
Հայաստանի ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին: Այս մասին հոկտեմբերի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հստակ արտահայտել է իր դիրքորոշումը: Այս հարցը մշտապես եղել է մեր երկկողմ օրակարգում: Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է, դիվանագիտական խողովակներով մենք բազմիցս մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք դրա մասին և նշել, որ դա հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ: Իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին, մեզ համար անընդունելի է այս գործելաոճը: Ելնելով վերոնշյալից, ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին»,- ասաց Նաղդալյանը:

Լրատվամիջոները նշում են, որ այսօր Իսրայելից բեռ տեղափոխող երկու ինքնաթիռ է վայրէջք  կատարել Բաքվում` այնտեղ զենք մատակարարելով:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել:

Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից:

Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր:

Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

  • Դիտումներ՝ *