Պատերազմի չորրորդ օրը հուշում է մեր ամրության, մեր համերաշխության ու զորեղության մասին, սեփական պետության սահմանները սեփական միջոցներով, մարտունակ բանակով պաշտպանելու կարողության մասին, ինչպես նաև վհատվելու հատկությունից հրաժարումի մասին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վահրամ Թոքմաջյանը: Նրա խոսքով՝ մեր հասարակությունն այսօր գերկենտրոնացված է, միահամուռ և լուռ, բոլորը զբաղված են, ամեն մեկը գիտի իր անելիքը. «Մենք մի շատ առանցքային բան ենք հասկացել՝ մեր հույսը մենք ենք»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Ալիևը երկու օր առաջ ստում էր ռուսական եթերում, Վահրամ Թոքմաջյանը նշեց, որ դա ադրբեջանական գործելաոճ է. «Տապալվող բռնբապետը ցնցումների մեջ է, մնացել է վերջին գործիքը՝ սուտը»:
Հայաստանը չի դիտարկում խաղաղապահներ տեղակայելու հարցը: «Վարչապետի հայտարարություններն այս մասին կառուցողական են: Ինքնիշխան, ինքնաբավ պետության ղեկավարի ուղերձներ են»,- նշեց պատմաբանը: Նրա խոսքով՝ մենք ունենք մարտունակ բանակ, որը շատ հստակ կատարում է իր առջև դրված խնդիրը, և մնում է սա արձանագրեն դիվանագետները, հասցնեն փաստաթղթափորման:
Պատմաբանի դիտարկմամբ՝ Արցախյան կոնֆլիկտի ձևաչափը փոխվում է. «Կուզենայի, որ վերադառնան բանակցային սեղանի շուրջ և որպես կոնֆլիկտի կողմ հանդես գար նաև Արցախը: Եթե իհարկե այլ զարգացումներ չլինեն, խոսքը Արցախի ճանաչման, ՀՀ-ի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու մասին է: Կարծում եմ՝ տեղին էր Արցախի ճանաչման հարցը խորհրդարանում բարձրացնելը, դա առաջին հերթին ուղղված էր արտաքին լսարանին»:
Վահրամ Թոքմաջյանը նաև հավելեց, որ ցանկալի է այս օրերին նկատվող համերաշխությունը և կոնսենսուսը, որ առկա է քաղաքական ուժերի միջև, պահպանվի և պրոյեկտվի հետագա կառավարման համակարգում:
Մանրամասն՝ տեսանյութում: